Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/127

Այս էջը հաստատված է

եղած գրությունը վկայում է, որ դրանց հեղինակները Հակոբն ու Հարությունն են: Որմնանկարներից և հաստոցային կտավներից բացի, Հովնաթանյան եղբայրներն ստեղծել են նաև արժեքավոր մանրանկարներ: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են նրանց ձեռքով նկարազարդված մագաղաթե երկու մատյան: Հակոբ Հովնաթանյանը նաև բանաստեղծ էր: Հայտնի է հոր մահվան առթիվ գրած նրա ողբ-բանաստեղծությունը:

Հայտնի նկարիչ էր նաև Հակոբի որդին՝ Հովնաթան Հովնաթանյանը (1730-1801), որը 1776 թվականից վրաց Հերակլ 2-րդ թագավորի պալատական նկարիչն էր: Այդ ժամանակ նույն արքունիքում պալատական աշուղ էր հայ մեծանուն բանաստեղծ Սայաթ-Նովան: 1778 թ. Հովնաթան Հովնաթանյանը հրավիրվեց Էջմիածին զարդանախշելու Մայր տաճարը: Հովնաթանը Էջմիածին եկավ իր աշակերտների հետ, վերանորոգեց և լրացրեց մեծանուն պապի ստեղծած որմնանկարները, դրանց կողքին սոսնձեց կտավների վրա արված աշխատանքներ: Նա ստեղծեց նաև հայ պատմական գործիչների մի շարք դիմանկարներ: «Հանճարեղ վարպետի» (այսպես են որակել նրան ժամանակակիցները) հաստոցային կտավներից մի քանիսն այսօր էլ կարելի է տեսնել Էջմիածնի Մայր տաճարում:

Հովնաթան Հովնաթանյանի որդին՝ նկարիչ Մկրտում Հովնաթանյանը (1779-1845), ամենից շատ դիմանկարներ էր նկարում: Հայաստանի պետական պատկերասրահում են պահվում նրա ստեղծած Հայկ նահապետի, Արտաշես Առաջին, Տիգրան Առաջին, Լևոն Երկրորդ հայոց թագավորների և այլ դիմանկարներ:

Աղաթոն Հովնաթանյանը (1816-1893), որ Մկրտում Հովնաթանյանի կրտսեր որդին էր, ավարտել էր Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան: Նա զբաղվում էր, հիմնականում, գծանկարչության (գրաֆիկայի) մի տեսակով՝ վիմագրությամբ: Վիմագրության ժամանակ նկարը նախ պատկերում են քարի վրա, ապա արտատպում:

Մկրտում Հովնաթանյանի ավագ որդին՝ Հակոբ Հովնաթանյանը (1806-1881), տոհմի ամենախոշոր ներկայացուցիչն է: Նկարել սովորել է հորից: Հակոբը կյանքի մեծ մասն ապրել է Թիֆլիսում, որտեղ կերտել է իր ժամանակակիցների բազմաթիվ դիմանկարներ: Հակոբ Հովնաթանյանի նկարչական բնածին տաղանդն այնքան մեծ էր, որ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան միայն մի դիմանկարով նրան շնորհեց «ազատ նկարչի» կոչում, թեև նա ակադեմիայում չէր ուսանել: Եվրոպան ու