Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/148

Այս էջը հաստատված է

Ղազախստան

Ղազախստանը տարածությամբ երկրորդ, իսկ ազգաբնակչությամբ՝ չորրորդ հանրապետությունն է ՍՍՀՄ-ում: Արևմուտքից արևելք այն ձգվում է 3 հզ կմ, իսկ հյուսիսից հարավ ավելի քան 1,5 հզ կմ: Ղազախստանի ծայր հյուսիսում կեչու կամ կաղամախու պուրակներով (անտառամասերով) ծածկված անտառատափաստանն է։ Ավելի հարավ տարածվում է անծայրածիր տափաստանը։ Այստեղ, ինչպես անտառատափաստանում, հողերի զգալի մասը հերկվել է ու հատկացվել ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի ցանքատարածությունների համար: Դուք, անշուշտ, լսել եք «խոպան», «խոպան հողեր» բառերը: Ղազախական ՍՍՀ-ում հերկվել են 24 մլն հեկտար խամ ու խոպան (այսինքն նախկինում երբեք չմշակված, չհերկված) հողեր։ Այդ հողերի ընդհանուր մակերեսը հավասար է այնպիսի մի պետության տարածքին, ինչպիսին, օրինակ, Անգլիան է։ Այժմ Ղազախստանը դարձել է ՍՍՀՄ-ի կարևորագույն շտեմարաններից մեկը։

Երբ յուրացնում էին ղազախական խոպանը, Սովետական Միության տարբեր ծայրերից այստեղ եկան տրակտորիստներ, կոմբայնավարներ, շինարարներ, որպեսզի այդ հողերը հերկեն. ապա նաև հացահատիկ ցանեն ու հավաքեն, կառուցեն ավաններ ու քաղաքներ: Խոպանի յուրացումը մեր սովետական երիտասարդության աննախադեպ սխրանքի օրինակ է։

Էլ ավելի հարավ ձգվում են ընդարձակ անապատներն ու կիսաանապատները: Այստեղ ծառերը, թփերն ու խոտը կանաչին են տալիս միայն գետահովիտներում և լճերի ափերին։ Այդպիսի վայրերը կոչվում են տուգայներ կամ օազիսներ։ Իսկ անապատների ավազուտներում և կավահողերում խոտ ու ծաղիկ աճում են միայն վաղ գարնանը, երբ արևի ճառագայթները դեռ կիզիչ չեն, և ապրում են ընդամենը երկու-երեք շաբաթ: Այդ չոր հողերն օգտագործվում են որպես անասունների արոտավայրեր։

Ղազախստանի գրեթե ողջ տարածքն զբաղեցնում են հարթավայրերն ու բլուրները, միայն արևելքում և հարավ-արևելքում բարձրանում են Ալթայի, Զունգարական Ալա Թաուի, Տյան Շանի լեռնաշղթաները։ Առատ անձրևների շնորհիվ այստեղ կան հրաշալի անտառներ, խոտավետ տափաստաններ ու մարգագետիններ: Տյան Շանի բարձրաբերձ լանջերին, ուր կարող են հասնել միայն ոչխարներն ու այծերը, տարածվում են ամառային ամենալավ արոտավայրերը։ Իսկ լեռնագագաթներին փայլփլում են հավերժական ձյունն ու սառցադաշտերը։