Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/161

Այս էջը հաստատված է

Ճապոնիայում կայսրի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ։ Փաստորեն երկիրը կառավարում է ոչ թե կայսրը, այլ մինիստրների կաբինետը, որն արտահայտում է խոշոր բուրժուազիայի շահերը։

Ճապոնիայի բանվոր դասակարգը, նրա կոմունիստական կուսակցությունն անընդհատ պայքար են մղում կապիտալիստների դեմ՝ պաշտպանելով իրենց կենսական իրավունքներն ու շահերը։ Ամեն տարի գարնանն ու աշնանը ամբողջ Ճապոնիայում տեղի են ունենում գործադուլներ. բանվորները պահանջում են բարձրացնել աշխատավարձը, որը մշտապես ետ է մնում շատ արագ աճող գներից։ Առանձնապես համառ պայքար է ծավալվում այն ընկերությունների դեմ, որոնց գործարաններն իրենց արտադրության թունավոր մնացորդները թափում են գետերն ու ծովը և աղտոտում ջուրը։ Վերջին տարիներս այդ հանգամանքը պատճառ է դարձել, որպեսզի թունավորված շրջանների բնակիչները հիվանդանան ծանր հիվանդություններով։

Ճապոնիայի աշխատավորներն ակտիվորեն պայքարում են հանուն խաղաղության։ Չէ՞ որ Ճապոնիան այն երկիրն է, որն ապրել է ատոմային ռմբակոծության սարսափը, և ճապոնացիները չեն ցանկանում, որ նույնը կրկնվի։

Ճարտարապետություն

Մեր հայրենիքի շատ վայրերում դուք կհանդիպեք կանգուն կամ կիսավեր հինավուրց ամրոցների ու միջնաբերդերի, պալատների ու տաճարների, եկեղեցիների ու կամուրջների, ինչպես նաև թատրոնների, գրադարանների, թանգարանների, պիոներների պալատների, ժամանակակից շենքերի, որոնց առջև կուզեիք երկար կանգնել։ Այդպես դուք թանգարանում կկանգնեիք լավ նկարի կամ քանդակի առջև։ Դրա պատճառն այն է, որ այդ շենքերն ու կառույցները նույնպես արվեստի գործեր են՝ ստեղծված գեղեցկի օրենքներով: Այդ արվեստը կոչվում է ճարտարապետություն։

Ճարտարապետությունը ոչ միայն առանձին շենքեր ու կառույցներ է, այլև մարդկանց կյանքի ու գործունեության համար անհրաժեշտ տարածական միջավայրը կազմակերպելու արվեստ։ Ի՞նչ է դա նշանակում։

Հավանաբար, ձեզանից մեկնումեկն ապրում է քաղաքի նոր թաղամասում։ Դեռ վերջերս այնտեղ, ուր այժմ բարձրանում են ձեր թաղամասի շենքերը, ամայի էր կամ գյուղական հին տնակներ էին կանգնած։ Իսկ հիմա տեսեք, թե որքան գեղեցիկ է շուրջը, որքան մտածված ու հարմար է կառուցապատված թաղամասը, որքան կանաչապատ է ու լայնարձակ։ Տներն այնպես են տեղադրված, որ շատ լույս ու օդ թափանցեն բնակարաններ։ Շատ մոտիկ են ձեր դպրոցը, ինչպես նաև գրադարանը, խանութները, լվացքատունը, քիմիական մաքրման կետը, վարսավիրանոցը, մանկապարտեզն ու մանկամսուրը, մարզահրապարակն ու զբոսայգին։ Իսկ ոչ հեռու գործարանն է, որտեղ աշխատում են ձեր ծնողները։

Եվ այդ բոլորը մտահղացել ու նախագծել են ճարտարապետները։ Իր նշանակությամբ ճարտարապետությունը բաժանվում է երեք հիմնական տեսակի՝ ծավալային կառույցների ճարտարապետություն (բնակելի տներ, թատրոններ, դպրոցներ, խանութներ, գործարաններ, ֆաբրիկաներ), լանդշաֆտային ճարտարապետություն (զբոսայգիներ ու պուրակներ, քաղաքային պարտեզներ ու լայն ծառուղիներ`բուլվարներ, ջրավազաններ ու շատրվաններ), քաղաքաշինություն (նոր քաղաքների ու ավանների ստեղծում, քաղաքային հին շրջանների վերակառուցում)։

Տարբեր դարաշրջանների ճարտարապետական հուշարձանները միմյանցից տարբերվում են և՛ արտաքին տեսքով, և՛ շինանյութով, և՛ կատարման տեխնիկայով:

Աշխարհի տարբեր երկրներում ճարտարապետության բազմազանությունն ամենից առաջ պայմանավորված է հասարակության զարգացման մակարդակով, ժողովուրդների ազգային առանձնահատկություններով, նրանց կենցաղով ու մշակույթով, բնությամբ ու կլիմայով, ինչպես նաև օգտագործվող շինանյութերի այս կամ այն տեսակով։ Նայեցեք նկարներին և ինքներդ կհամոզվեք դրանում։