Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/163

Այս էջը հաստատված է

Միջնադարյան Հայաստան, խիստ ինքնատիպ ազգային նկարագիր ունի հայկական ճարտարապետությունը: Հայկական միջնադարյան հուշարձանները, որ հիմնականում տուֆակերտ են, աչքի են ընկնում իրենց զուսպ ու խոհական և միաժամանակ վեհաշուք գեղարվեստական կերպարով։ Լինելով ոչ մեծ չափերի, ամրակուռ ու վայելչակազմ՝ նրանք այնպես նրբորեն են ներդաշնակված միջավայրին, որ ասես բնության մի մասն են։ Վանա լճի Աղթամար կղզում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին հայկական ճարտարապետության գոհարներից է։ Այն կերտել է ճարտարապետ,քանդակագործ և նկարիչ Մանուելը, 915-921 թվականներին։ Արվեստագետն իր կառույցը ներսից զարդարել է որմնանկարներով, իսկ դրսից գոտևորել պատկերաքանդակներով։ Դրանք պատկերում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը, շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը այգու մշակում, բերքահավաք, բերքը հափշտակող կենդանիների դեմ մարտի տեսարաններ։ Պատկերաքանդակների շարքում են նաև տաճարի շինարարությունը ձեռնարկող Հայոց Գագիկ Արծրունի թագավորի և ուրիշ հայ իշխանների դիմաքանդակներ։ Աղթամարի տաճարը, որտեղ կատարելությամբ միահյուսված են արվեստի երեք տարբեր տեսակներ՝ ճարտարապետությունը, քանդակագործությունը, որմնանկարչությունը, եզակի կառույց է տվյալ դարաշրջանում. մեկ այլ նման կառույց չկար ոչ Հայաստանում, ոչ էլ այլ երկրներում։

Միջնադարյան Հայաստանում կառուցվել են նաև բազմաթիվ կամուրջներ։ Լավ պահպանվել է Սանահինի կամուրջը Դեբեդ գետի վրա, որը կառուցվել է Վանենի թագուհու պատվերով, 1195 թ , բազալտե խոշոր քարերով։ Նրա աստիճանաձև բազրիքներին քանդակված են առյուծներ։ Մեր ժամանակների երկաթբետոնե կամ մետաղե հսկայական կամուրջների համեմատությամբ այն, անշուշտ, փոքր չափեր ունի, բայց իր մտահղացմամբ ու կերտվածքով արվեստի մի իսկական գործ է, ճարտարապետի մեծ հմտության ու բարձր ճաշակի արդյունք։