Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/181

Այս էջը հաստատված է

Այդ երեխաների ճակատագրով մտահոգված էին Վ․ Ի․ Լենինը, կոմունիստները: Վ․ Ի․ Լենինի ցուցումով երկրում պայքար ծավալվեց անապաստանության դեմ։ Այդ պայքարին ներգրավվեցին նաև չեկիստները՝ Ֆ․ է․ Ձերժինսկու գլխավորությամբ: Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոն մեկն էր այն առաջին մանկավարժներից, ովքեր արձագանքեցին կոմունիստական կուսակցության կոչին՝ օգնել անապաստան երեխաներից նոր, սոցիալիստական հասարակարգի քաղաքացիներ դաստիարակելու գործին։

Ա․ Ս․ Մակարենկոն սերում էր ուկրաինացի բանվորի ընտանիքից։ Կրթությամբ մանկավարժ էր։ 1920 թ. սեպտեմբերին Պոլտավայի մոտակայքում նա աշխատանքային գաղութ հիմնեց անապաստան երեխաների համար, որոնցից շատերը հանցագործներ էին:«Նրանք ծանր կացության մեջ ընկած սովետական երեխաներ են», — մտածում էր Մակարենկոն։

Չհիշել անցյալը, վստահել մարդուն՝ այսպես էր նա կառուցում իր հարաբերությունները երեխաների հետ։ Մի անգամ Մակարենկոն դրամի մեծ գումար վստահեց նախկին գող Սեմյոն Կարաբանովին։ Եվ չսխալվեց Սեմյոնը, որը հպարտանում էր իր հանդեպ ցուցաբերված վստահությամբ, դաստիարակին չխաբեց։

Գաղութի սաները Անտոն Սեմյոնովիչին սիրում էին արդարամտության, ուղղամտության, հաստատակամ բնավորության, իր և ուրիշների նկատմամբ դրսևորած հանջկոտության համար։

Նրանք երջանիկ ճակատագրի մարդիկ էին, երջանիկ էին, որ ընկերներ ունեն, համերաշխ և ուրախ կոլեկտիվ, սովորում են և աշխատում։ Երեխաներն իրենք կառուցեցին իրենց բնակելի շինությունները, ակումբը, դպրոցը։ Նույնիսկ գործարան կառուցեցին, իսկ հետո էլ կազմակերպեցին մեր երկրում լայն պահանջարկ վայելող ՖԵԴ մակնիշի լուսանկարչական ապարատների թողարկումը։

Երեխաները մանկավարժների մասնակցությամբ բազմաթիվ հետաքրքիր խաղեր էին հորինում։ Ամբողջ գաղութով արշավի էին մեկնում դեպի Վոլգա, Ղրիմ, Կովկաս, Մոսկվա, Օդեսա, Ազովի ծովափ։

Գաղութում դաստիարակվում էին նոր մարդիկ՝ կոմերիտականներ, պիոներներ, որոնք նվիրված էին հայրենիքին և կոմունիստական կուսակցությանը, ձգտում էին գիտելիքների։ Նախկին գաղութաբնակներից շատերը հետագայում դարձան լավ մասնագետներ՝ բանվորներ, ինժեներներ, բժիշկներ, ճարտարապետներ, մանկավարժներ: Գաղությում երեխաների ապրած կյանքի, մանկավարժների կատարած աշխատանքի մասին Անտոն Սեմյոնովիչը պատմել է իր «Մանկավարժական պոեմ» և «Դրոշակներն աշտարակների վրա» գրքերում, որոնք թարգմանվել են հայերեն։

Ա․ Ս․ Մակարենկոն գրել է նաև ուրիշ շատ գրքեր ու հոդվածներ։ Նրա գրքերը թարգմանվել են ՍՍՀՄ- ի և աշխարհի մի շարք ժողովուրդների լեզուներով, դրանք կարդում և ուսումնասիրում են ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանում։ Այդ գործերում Մակարենկոն շարադրել է կոմունիստական դաստիարակության՝ կյանքով ստուգված իր տեսությունը։

Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոն եղել և մնում է ոչ միայն երիտասարդության տաղանդավոր դաստիարակը, այլև ուսուցիչների ուսուցիչը։

Մամուռներ

Որտե՞ղ կարելի է տեսնել այս բույսերը: Մեկը կասի՝ տունդրայում, մյուսը՝ լեռներում, երրորդը՝ արևադարձային անտառներում։ Եվ բոլորն էլ ճիշտ կլինեն: Մամուռների ընտանիքը շատ մեծ է, և նրանցից