և սովետական ժողովրդին օգնում նրա բոլոր պանծալի գործերում։
Մայակովսկու ստեղծագործությունը նշանակալի ազդեցություն է գործել սովետական բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սովետահայ պոեզիայի վրա։ Նրա ստեղծագործությունները հայերեն են թարգմանել Ե․ Չարենցը, Պ․ Սևակը, Գ․ էմինը, Խ․ Հրաչյանը և ուրիշներ։ Նրա անունով են կոչվում դպրոց ու փողոց Երևանում, գյուղ ՀՍՍՀ Աբովյանի շրջանում։
Մայիսի մեկ
1886 թ մայիսի 1-ն էր։ Այդ օրը ամերիկյան Չիկագո քաղաքում բանվորները դուրս չեկան աշխատանքի։ Նրանք այլևս չէին ուզում աշխատել օրական 10—15 ժամ, ապրել քաղաքի ետնախորշերում, աներևակայելի կեղտի ու նեղվածքի մեջ։ Մեկտեղ հավաքված՝ նրանք կապիտալիստներից պահանջեցին ութժամյա աշխատանքային օր, աշխատավարձի բարձրացում և կենսապայմանների բարելավում։ Բանվորների պահանջներին կապիտալիստները պատասխանեցին կրակոցներով։ Դա խորապես ցնցեց աշխատավորական Ամերիկան։
Ողջ երկրով մեկ կազմակերպվեցին գործադուլներ ու բողոքի ցույցեր։ Ամերիկյան բանվորներին պաշտպանեցին համայն աշխարհի առաջադեմ մարդիկ՝ Չիկագոյի աշխատավորների հետ իրենց համերաշխությունը դրսևորելու, արյունոտ հաշվեհարդարի դեմ իրենց զայրույթն ու վրդովմունքն արտահայտելու համար։ Փարիզի ու Լոնդոնի, Բեռլինի ու Մոսկվայի բանվորները թողեցին աշխատանքը և կարմիր դրոշներով դուրս եկան փողոց։
Իսկ երեք տարի անց, 1889 թ., երբ բանվորական կուսակցությունների միջազգային միավորման՝ Երկրորդ ինտերնացիոնալի, մասնակիցները հավաքվեցին Փարիզում գումարված իրենց կոնգրեսին, նրանք որոշեցին Մայիսի մեկը համարել միջազգային տոն, համայն աշխարհի բանվորների եղբայրական համերաշխության, բոլոր երկրների աշխատավորների ուժերի մարտական ստուգատեսի օր։
Աշխարհի միլիոնավոր բանվորներ ջերմորեն պաշտպանեցին Մայիսի մեկն իբրև բանվոր դասակարգի հեղափոխական տոն նշելու առաջարկը։ Առաջին անգամ այդ տոնը նշվել է 1890 թ։ Այդ ժամանակվանից ողջ աշխարհի աշխատավորներն ամեն տարի նշում են իրենց մայիսմեկյան տոնը։ Ռուս բանվորներն առաջին անգամ մայիսմեկյան գործադուլներ են կազմակերպել 1891 թ՝ Պետերբուրգում և 1895 թ՝ Մոսկվայում։
Սովետական Միությունում և եղբայրական սոցիալիստական երկրներում Մայիսի մեկը կոմունիզմ և սոցիալիզմ կառուցող ժողովրդի աշխատանքային սխրանքների ստուգատեսի, ողջ հողագնդի աշխատավորության հետ եղբայրական համերաշխության օրն է։
Կապիտալի երկրներում աշխատավորները մայիսմեկյան ցույցերի են ելնում, որպեսզի ավելի ևս խտացնեն իրենց շարքերը շահագործողների, կապիտալիստների դեմ պայքարում։ Բոլոր երկրներում Մայիսի մեկը հանուն խաղաղության, պատերազմի դեմ մղվող պայքարի օր է։ Մայիսի մեկին դուք ձեր ծնողների հետ կամ պիոներական դրուժինաներով տոնական շքերթի եք ելնում: Եվ երբ գլխավերևում ծածանում եք կարմիր դրոշակը, կարծես ասում եք «Ես նրանց հետ եմ, ովքեր աշխատում ու պայքարում են հանուն մարդկանց երջանկության, հանուն կոմունիզմի»։