Մայիսյան ապստամբություն
1917 թ. հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7-ին) տեղի ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ Ռուսաստանի աշխատավորները տապալեցին շահագործողների տիրապետությունը և հիմնեցին աշխարհում առաջին սոցիալիստական պետությունը։ Բայց Անդրկովկասում միառժամանակ ուշացավ սովետական իշխանության հաստատումը։ Այստեղ տեր ու տնօրինություն էին անում ազգայնական կուսակցություններն ու օտարերկրյա զավթիչները։ Նրանք երկրամասը կտրեցին Սովետական Ռուսաստանից և ստեղծեցին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բուրժուական, այսպես կոչված «անկախ» հանրապետություններ։ Հայաստանում իշխանության գլուխ անցան դաշնակցականները։
Ծանր էր այդ ժամանակ Հայաստանի և հայ ժողովրդի վիճակը։ Շուրջն ամենուրեք կարիք էր ու թշվառություն, 1915թ. Մեծ Եղեռնից հրաշքով փրկված սովահար ու հիվանդ գաղթականների բազմություններ, դաշնակցական մաուզերիստների ու խմբապետների կամայականություն և բռնություն։ Երկիրն ու ժողովուրդը կանգնած էին կործանման եզրին։
Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների ծավալած լայն գործունեության շնորհիվ աշխատավորները գիտակցում էին, որ իրենց միակ փրկությունը սովետական կարգերի հաստատման, Սովետական Ռուսաստանի հետ անխախտ դաշինքի մեջ է։ Ադրբեջանում արդեն հաստատվել էր սովետական իշխանություն, որն ավելի ոգեշնչեց հայ բանվորին ու գյուղացուն, Հայաստանի բոլոր աշխատավորներին։