Մոտենում էր 1920թ մայիսը։ Աշխատավորների միջազգային համերաշխության օրը՝ Մայիսի 1-ին, Երևանի աշխատավորները դուրս եկան փողոց՝ իրենց առջևից տանելով հեղափոխության ալ դրոշը, ինչպես նաև դաշնակցական կառավարությունը տապալելու և Հայաստանում սովետական իշխանություն հաստատելու կոչեր։ Բուռն էին մայիսմեկյան ցույցերը Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական), ուր բանվորների և զինվորների ելույթները վերածվեցին ապստամբության: «Վարդան զորավար» զրահագնացքը, Սարգիս Մուսայելյանի գլխավորությամբ, դարձավ ապստամբության նախապատրաստման կենտրոն։ Մայիսի 7-ին այստեղ գումարվեց Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության Հայաստանի կոմիտեի՝ Արմենկոմի, խորհրդակցություն, որտեղ ստեղծվեց ապստամբության ղեկավար մարմին՝ ռազմահեղափոխական կոմիտե։ Մայիսի 10-ին քաղաքում ծավալվեց համընդհանուր ապստամբություն, ռազմահեղափոխական կոմիտեն տապալված հայտարարեց դաշնակցականների իշխանությունը և Հայաստանը հռչակեց սովետական։
Ապստամբեցին նաև Կարսի, Սարիղամիշի, Նոր Բայազետի, Շամշադինի, Իջևանի, Դիլիջանի, իսկ մայիսի վերջերին՝ Ջանգեզուրի աշխատավորները: Հեղափոխական վերելքը համակել էր Հայաստանի բանվորներին ու գյուղացիներին։ Բայց չհաջողվեց ապահովել բոլոր ապստամբների միաժամանակյա ելույթն ու փոխգործողությունը, որից և օգտվեցին թշնամիները։ Դաշնակցականները ճնշեցին Մայիսյան ապստամբությունը և դաժան հաշվեհարդար տեսան ղեկավարների հետ։ Գազանաբար սպանվեցին Ս․ Ալավերդյանը, Ս․ Մուսայելյանը, Բ․ Ղարիբջանյանը, Լ․ Սաբուխանյանը, Ղ․ Դուկասյանք, Ե․ Մկրտումյանը, Բ․ Բատիկյանը, Ե․ Սևյանը, Ա․ Փանյանը և շատ ուրիշներ հարյուրավոր մասնակիցներ բանտ նետվեցին։
Մայիսյան ապստամբությունը Հայաստանի բանվորների ու գյուղացիների հերոսական ելույթն էր, որը սասանեց դաշնակցական տիրապետությունը։ Արդեն 1920 թ նոյեմբերի 29-ին այն տապալվեց, և Հայաստանում հաստատվեց սովետական իշխանություն։ Իրականացավ Մայիսյան ապստամբության հերոսների երազանքը։ Սկսվեց հայ ժողովրդի ազատ ու երջանիկ կյանքի, սոցիալիզմի կառուցման ուղին։
Մայրահավ
Խուլ տայգայում մայրիանման(սիբիրյան) սոճու ճյուղերին աշխույժ վետվետում է թռչունների բազմաձայն մի երամ: Սպիտակ խալերով, ճայակից քիչ փոքր, գորշագույն այդ թռչունները ճյուղից ճյուղ են թռչկոտում և այնպիսի ճարպկությամբ են կոներից կեղևահանում սերմերը, որ թեփուկները թափվում են անձրևի պես։
Դրանք մայրահավերն են՝ տայգայի սովորական թռչունները։ Մայրահավը կարող է ուտել բոլոր փշատերև ծառերի սերմերը։ Թեև այդ ծառերի «կաղինները» հավաքողները դժգոհ են մայրահավի լավ ախորժակի համար, բայց այս թռչունն ավելի շատ օգուտ է տալիս, քան վնաս։ Նա հո բոլոր կաղինները չի հասցնում ուտել: Եթե բերքն առատ է, կբավականացնի թե սկյուռներին ու արջերին և թե մարդկանց։ Իսկ երբ ծառերի վրա վնասատու թրթուրներ են հարձակվում, անմիջապես հայտնվում են մայրահավերն ու ոչ միայն կտցահարում են ճյուղերի վրա եղած թրթուրներին, այլև հողից փորում հանում են նրանց հարսնյակները։