Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/187

Այս էջը հաստատված է

Ձմռան համար մայրահավերը փոսերի մեջ, հողում, քարերի արանքում սերմեր ու կաղիններ են պաշարում: Երբեմն լերկ, քարքարոտ լեռնալանջին հանկարծ տեսնում ես սիբիրյան սոճու ջահել շիվեր։ Ծառի սերմերն ինչպես են ընկել այստեղ։ Չէ՞ որ մոտակայքում ոչ մի հին ծառ չկա։ Պարզ է, մայրահավերն են անտառից թռել եկել և իրենց շտեմարաններն ստեղծել այստեղ։ Հետո կամ մոռացել են այդ պաշարի մասին, կամ նրա կարիքը չեն զգացել, և սերմերը, պահպանվելով մինչև գարուն, ընձյուղել են քարերի արանքից։ Այսպես մայրահավերն օգնում են, որ անտառ աճի այնտեղ, ուր առաջ չկար։

Մայրի

Մայրին գեղեցիկ, մշտադալար փշատերև ծառ է։ Նրա բարձրությունը 25—50 մ է, բնի տրամագիծը մինչև 3 մ: Մայրու բաց կանաչից մինչև արծաթամոխրագույն ասեղնատերևները երկար են՝ 25—50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղարթ։ Այս հզոր ծառի կարմրաշագանակագույն հասուն կոները ձվաձև են, խոշոր, 5—11 սմ երկարությամբ։ Մայրու բնափայտը շատ ամուր է. ունի հաճելի նրբերանգ և բույր։ Այն օգտագործում են շինարարության ու նավաշինության մեջ, նրանից պատրաստում են նաև զանազան հուշանվերներ ու զարդատուփեր։ Մայրին տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Թուրքիայում, Լիբանանում, Հիմալայներում և այլուր։ Սովետական Միության տարածքում մայրի կարելի է տեսնել միայն հարավային շրջաններում (Ղրիմ, Անդրկովկաս, Միջին Ասիա), ուր այն աճեցնում են իբրև դեկորատիվ բույս։

Հայաստանում մայրի աճեցրել են շատ հնուց։ Դեռևս մեր թվականությունից առաջ 3-րդ դարի վերջին Հայոց Երվանդ Չորրորդ թագավորը Ախուրյան գետի ափին տնկել է մայրու անտառ և անվանել «ծննդոց անտառ»։ Մայրու բնափայտից պատրաստել են ռազմակառքեր, նիզակակոթեր, զարդատուփեր։ Այժմ մեր հանրապետության տարածքում մայրին կլիմայավարժեցվում է Ախթալայում, Երևանում, Դիլիջանում և այլուր։

Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը նույնպես գեղեցիկ ու հզոր, մինչև 40 մ բարձրության հասնող ծառ է։ Նրա յուրաքանչյուր ասեղնատերևիկի երկարությունը ավելի քան 10 սմ է։ Սիբիրյան սոճու ոսկեգույն սերմերը («կաղինները») տեղավորված են սագի ձվի չափ խոշոր, մանուշակագույն կոներում։

Յուրաքանչյուր 5—6 տարին մեկ սերմերի բերքն առատ է լինում։ Նման տարիներին լռակյաց, դարավոր տայգան կերպարանափոխվում է։ «Կաղիններ» գտնելու համար սիբիրյան սոճու վրա ճյուղից ճյուղ են ցատկոտում հազարավոր սկյուռներ։ Գետնին միմյանց ուրախ ձայնակցում են շերտավոր սկյուռները: Հարուստ տայգայի կողքով անտարբեր չեն անցնում և արջերը: Նրանց գրավում են համեղ ու սննդարար «կաղինները»: Թռչում գալիս են ճարպիկ ու աղմկոտ մայրահավերի հսկա երամները: Որսորդներն այստեղ սկյուռի առատ որս են անում։ Մարդիկ սիբիրյան սոճու սերմերի պաշար են հավաքում, որոնցից հետո ձեթ են ստանում։

Երկար է ապրում սիբիրյան սոճին։ Հանդիպում են մինչև հինգ հարյուր տարեկան ծառեր։ Նրանց ամուր, թեթև, գեղեցիկ բնափայտից կահույք են պատրաստում։ Ձեր մատիտներում եղած գրաֆիտի «վերնաշապիկը» նույնպես սիբիրյան սոճու բնափայտից է։ Ծառերի կեղևի տակից խեժ են հավաքում, որը կիրառվում է բևեկնայուղի