Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/189

Այս էջը հաստատված է

ու սիրով էին կատարում իրենց պարտականությունները։ Այդ և հետագա տարիներին պատանիներից շատերն այնքան հրապուրվեցին երկաթուղային գործով, որ ինքնուրույն կյանքի շեմին այն ընտրեցին իբրև ապագա մասնագիտություն։

Այժմ էլ Երևանի մանկական երկաթուղին սպասարկում են 11—17 տարեկան դպրոցականները։ Գործող խմբակներում պատանի երկաթուղայիններն ուսումնասիրում են երկաթուղային տրանսպորտի պատմությունը, երկաթգծի շահագործման, գնացքների շարժման, երկաթուղային կապի և բազմաթիվ այլևայլ առարկաներ ու հարցեր։ Նրանք սերտ կապեր են հաստատել Սովետական Միության ուրիշ քաղաքների պատանի երկաթուղայինների հետ։ Մանկական երկաթուղու աշխատանքներին մասնակցելը դպրոցականներին օգնում է ապագա մասնագիտություն ընտրելու գրրծում, նրանց մեջ սեր և հետաքրքրություն ծնում երկաթուղային տեխնիկայի, երկաթուղայինի մասնագիտության նկատմամբ։

Ներկայումս մեր հանրապետությունում մանկական գեղեցիկ երկաթուղի է գործում նաև Լենինական քաղաքում։

Հրազդանի գեղատեսիլ ձորում երկար ու ձիգ սուլում է գնացքը։ Կառամատույցում խռնվել է մանուկների ուրախ բազմությունը։ Երեխաների արդեն որե՛րորդ սերունդն է պատրաստվում սկսելու իր առաջին երջանիկ ուղևորությունը դեպի «Ուրախություն» կայարան։

Երեխաները մեծ բավականություն են ստանում նաև երկաթուղու շուրջը տարածվող մանկական զբոսայգու զվարճանքի կառույցներից։

Մանրածածան

Մանրածածանը Սովետական Միության շատ ջրամբարներում տարածված ամենասովորական ձկներից է։ Նա պահանջկոտ չէ և կարող է ապրել անհոսք ջրում, անգամ այնտեղ, ուր մյուս ձկները սատկում են։ Պահանջկոտ չէ նաև կերի նկատմամբ, սնվում է մոծակի թրթուրներով, որդերով, փոքրիկ փափկամորթներով, ջրային բույսերի մանր մասերով, նույնիսկ տիղմով։

Իսկ աքվարիումում ապրող ոսկե ձկնիկներին անհրաժեշտ է թե թթվածնով հարուստ, շատ մաքուր ջուր, թե հատուկ կեր: