Հայկական մանրանկարչությունն անցել է պատմական երկար ու դժվարին ուղիներով և վկան է մեր ժողովրդի ստեղծագորական անօրինակ եռանդի, որն անկարող եղան մարելու ոչ օտար նվաճողների քերած անհամար աղետները, ոչ դժվարին ու տանջալից գաղթի ճանապարհները: Իր ինքնատիպությամբ, կատարման վարպետությամբ, արտակարգ գունագեղությամբ, զարդաձևերի հարստությամբ ու բազմազանությամբ այն ուրույն ու պատվավոր տեղ է գրավում ոչ միայն ազգային, այլև համաշխարհային արվեստի գանձարանում:
Մանրէներ
Կար ժամանակ, երբ նույնիսկ գիտնականները գտնում էին, որ երկրագնդի վրա ամենափոքր կենդանի օրգանիզմը լուն է։ Ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ մեր մեջ ու մեր շուրջը գոյություն ունի «անտեսանելիների» մի վիթխարի աշխարհ, որոնց համեմատությամբ փոքրիկ լուն նույնն է, ինչ փոստային դրոշմանիշը օվկիանոսային հսկա լայների կողքին։
Գիտնականներն այդ զարմանալի աշխարհը հայտնագործեցին մանրադիտակի օգնությամբ, որը խիստ խոշորացնում է դիտվող առարկան։ Եվ միանգամից չէ, որ հավատացին։ Բայց հետո համոզվեցին և այդ աշխարհի ներկայացուցիչներին իրենց չնչին չափերի պատճառով անվանեցին մանրէներ (ուրիշ լեզուներով միկրոբներ) կամ միկրոօրգանիզմներ (հունարեն «միկ րոս»՝ «փոքրիկ» բառից)։
Մանրադիտակը հնարավորություն տվեց մանրէները դիտել առանձին-առանձին, հատ-հատ։ Եվ պարզվեց, որ թեև այդ էակները սովորաբար կազմված են ընդամենը մեկ կենդանի բջջից, բայց ձևով, հատկություններով, կենսակերպով և շրջապատող միջավայրի վրա թողած ազդեցությամբ անասելի բազմազան են։ Մանրէների շարքում գլխավոր տեղը գրավում են միաբջիջ բուսական օրգանիզմները բակտերիաները։ Կարելի է ասել, որ մեր ողջ երկրային կյանքը մեծ չափով կախված է նրանցից։ Բակտերիաներն ապրում են ամենուր օդում և գետնին, ջրում և հողում, բույսերի և կենդանիների մեջ։ Որոշ բակտերիաներ խիստ խոշորացնող մանրադիտակով դիտելիս այսպիսի տեսք ունեն մանրէները շատ նուրբ են ու շուտ են ոչնչանում, մյուսները դիմանում են եռացնելուն ու սառեցնելուն, զանազան թթուների, ալկալիների ու թույների ազդեցությանը։
Սովորական աչքով անտեսանելի բակտերիաները մեր կյանքի վրա շատ մեծ ազդեցություն են ունենում։ Թափանցելով մարդու կամ կենդանու օրգանիզմ բակտերիաները հարուցում Են վտանգավոր հիվանդություններ՝ տուբերկուլոզ (պալարախտ), խոլերա, սիբիրյան խոց, խլնախտ, տիֆ, անգինա, ժանտախտ, թոքաբորբ տարբեր թարախակույտեր արյան վարկում: Սակայն, կան նաև օգտակար բակտերիաներ, առանց որոնց երկրի վրա ապրելը շատ դժվար կլիներ։ Նրանք կաթը դարձնում են մածուն, կեֆիրը՝ ացիդոֆիլին, իսկ խաղողի հյութը՝ սպիրտ, քացախ, գինի.. Բայց ամենագլխավորն այն է, որ առանց օգտակար բակտերիաների մենք մի քանի անգամ պակաս կաթ, հաց ու միս կունենայինք։
Բանն այն է, որ կենդանիների կյանքը կախված է բույսերից, իսկ բույսերն ամենից լավ աճում են շատ ազոտ պարունակող հողում։ Ազոտն օդից վերցնում և հողին են փոխանցում այնտեղ ապրող հատուկ բակտերիաները։ Բայց սա էլ դեռ բոլորը չէ։
Եթե երկրի վրա չլինեին փտում առաջ բերող բակտերիաները, մեր մոլորակը աստիճանաբար կծածկվեր մեռած բույսերի ու կենդանիների չքայքայվող մնացորդներով։