«Բարձր», «Մթամած», «Սպիտակափառ», «Արեգնաճեմ», «Երկնաճեմ» մակդիրներով Գրիգոր Նարեկացին Մասիսն անվանել է «մեծության կշռորդ»։
Որպես հայ ժողովրդի վերածնված պետականության խորհրդանշան՝ Մասիսը պատկերված է Սովետական Հայաստանի գերբին։
Մատենադարան
Երևանի գեղատեսիլ բարձունքներից մեկի լանջին, Լենինի պողոտայի հյուսիսային ծայրամասում, վեր է խոյանում հայկական ճարտարապետության նորագույն կոթողներից մեկը՝ Մատենադարանի՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքը, որտեղ պահվում և ուսումնասիրվում են հայ հոգևոր մշակույթի գրավոր գանձերը՝ հայերեն հին ձեռագրերը:
Դարերի պատմություն ունի Մատենադարանը: Դեռևս 5-րդ դարում Էջմիածնում գործում էր մի գրատուն, որի հիման վրա հետագայում բարձրացավ լուսավորության ու գիտության ներկայիս կենտրոնը։
«Մատենադարան» բառը հին հայերեն է՝ կազմված «մատյան»(«գիրք», «գրվածք») և «դարան» («պահարան») բառերից։ Տպագրության գյուտից առաջ և դրանից հետո ևս երկար ժամանակ հայերը, ինչպես շատ այլ ժողովուրդներ, գիրքը գրում էին ձեռքով, և այն կոչվում էր ձեռագիր կամ գրչագիր մատյան։ Հնում դրանք գրում էին մագաղաթի, իսկ 10-րդ դարից սկսած՝ նաև թղթի վրա (այս ամենի մասին դուք ավելի մանրամասն կկարդաք «Գիրք» զրույցում)։
405 թ հայերեն գրերի ստեղծումից հետո Հայաստանում դարերի ընթացքում գրվել և ընդօրինակվել են տարբեր բնույթի ու բովանդակության հազարավոր մատյաններ։ Դրանք պահվել են Հայաստանի վանքերին ու մենաստաններին կից գործող գրատներում ու մատենադարաններում, սակայն մեծ մասն էլ ոչնչացվել է օտար բռնակալների ձեռքով: 17-րդ դարի հայ պատմիչ Առաքել Դավրիժեցին, օրինակ, նկարագրում է նույն դարում էջմիածնի մատենադարանի կողոպուտը։ Մատենադարանը վերջին անգամ ավերվել է 1804 թ.։