(Ծաղկաձորի), Դիլիջանի, Իջևանի անտառները, որտեղ աճում են գիհի, հաճարենի, հացենի, կաղնի և այլ ծառատեսակներ:
Հայաստանի հին անուններից մեկն է Նաիրի, որ նշանակում է «գետերի երկիր»: Ավելի քան 200 գետ ու գետակ է հոսում մեր հանրապետության տարածքով, որոնցից ամենախոշորն Արաքսն է: Սևանից սկիզբ առնող Հրազդան գետը ոռոգում է Արարատյան դաշտը, որտեղ հասունանում են հայկական հանրահռչակ մրգերը՝ խաղողը, ծիրանը, դեղձը, տանձը, խնձորը, նուռը, իսկ գետի հոսանքն ի վար կառուցված Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններն էներգիա են մատակարարում քաղաքներին ու գյուղերին, արդյունաբերական ձեռնարկություններին: Հիդրոէլեկտրակայանների կասկադներ են կառուցված նաև Որոտան և Դեբեդ գետերի վրա, իսկ Արփա գետի ջրերը «Արփա-Սևան» թունելով հոսում են դեպի Սևան լրացնելու մեր կապուտաչյա գեղեցկուհու ջրային պաշարները հանրապետության հացահատիկի շտեմարանն է Շիրակի դաշտը:
Լեռների ընդերքում կան պղնձի, կապարի, մոլիբդենի, վոլֆրամի, երկաթի, քարաղի, սիենիտների, ծծմբի, ոսկու, տարատեսակ շինանյութերի տուֆի, մարմարի, բազալտի, պեռլիտների հարուստ պաշարներ: Հայաստանի բնական հարստություններից են նաև ավելի քան 400 տեսակի հանքային ջրերը, որոնցից մեծ հռչակ են վայելում «Ջերմուկն» ու «Արզնին»: Սրանց բուժիչ հատկություններն օգտագործելու համար կառուցվել են համանուն առողջարանները: Բազմազան ու հարուստ է նաև Հայաստանի կենդանական աշխարհը:
Հայաստանի բուն բնակիչները հայերն են՝ աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, որոնք վաղեմի ժամանակներից բնակվել են Հայկական լեռնաշխարհում: Այժմ ամբողջ աշխարհում նրանց թիվը շուրջ 7 մլն է:
Հերոսական ու նաև ողբերգական է եղել հայ ժողովրդի պատմական անցյալը դարեր շարունակ նա ստիպված է եղել մաքառել բազմաթիվ թշնամիների դեմ՝ պահպանելու իր հայրենիքի ամբողջականությունն ու անկախությունը: