ազդանշանում են, թե ինչպես են բավարարվում մեր պահանջմունքները, արդյոք ամեն ինչ է բարեհաջող կյանքում:
Մարդը կարող է իր մեջ դաստիարակել լավ, բարի զգացմունքներ: Ենթադրենք, դուք կենդանիներ չեք սիրում: Բայց եթե սկսեք դիտել ու հետևել նրանց վարքին, ուսումնասիրել կենսակերպը, խնամել, ձեր մեջ երևան կգա կապվածության զգացում նրանց հանդեպ:
Լավ չէ, երբ մարդը հաշվի է առնում միայն իր սեփական զգացմունքները: Բարեբախտաբար, մարդիկ օժտված են ուրիշի ապրումներին մասնակից լինելու, դրանք զգալու ունակությամբ: Երբ որևէ արարք եք գործում, փորձեք պատկերացնել, թե այն ինչպիսի ապրումներ կպատճառի ձեր ծնողներին, ընկերներին և նույնիսկ ձեզ անծանոթ մարդկանց:
Ամենագեղեցիկ զգացմունքը՝ սերը մարդու հանդեպ, մարդուն օգնում է իր տեղը գտնելու կյանքում, իր կյանքն ապրել օգտակար լինելով ուրիշ մարդկանց:
Մարմնամարզություն
Հնում մարմնամարզություն էին անվանում ֆիզիկական վարժությունների բոլոր ձևերը: Մեր օրերում մարմնամարզությունը առանձին մարզաձև է:
Կան մարմնամարզության տարբեր տեսակներ: Երբ դուք լիցքային վարժություններ եք կատարում. դա առավոտյան մարմնամարզություն է: Երբ գործարանում կամ հիմնարկում հինգ րոպե տևող ընդմիջմանը բոլորը մի քանի վարժություններ են կատարում, դա արտադրական մարմնամարզություն է: Բժշկի ղեկավարությամբ և հսկողությամբ կատարվող հատուկ մարմնամարզությունը, որն օգնում է մարդկանց ապաքինվելու, կոչվում է բուժական:
Մարմնամարզությամբ զբաղվում են բոլոր մարզիկները՝ թեթև աթլետները, լողորդները, ֆուտբոլիստները, սուսերամարտիկները, ծանրորդները, հրաձիգները: Ոչ մի մարզիկ չի կարող հաջողության հասնել, եթե իր մարզումների ծրագրում մարմնամարզական վարժություններ չընդգրկի:
Այդ վարժությունները կոչվում են օժանդակ, մարզումային: Դրանք օգնում են զարգացնելու մարզիկի ուժը, ճկունությունը, շարժումների արագությունը:
Ինչպես տեսնում եք, մարմնամարզությունը ուժ, առույգություն, առողջություն է պարգևում, օգնում կատարելագործելու մարզական վարպետությունը:
Կա նաև սպորտային (մարզական) մարմնամարզություն: Այն ընդգրկում է մարմնամարզական գործիքների՝ զուգափայտերի, օղակների, պտտաձողի, նժույգի, ինչպես նաև գորգի վրա կատարվող վարժությունները: Տղամարդկանց մարմնամարզական գործիքներն ավելի բազմազան են, քան կանանցը: Դրա փոխարեն կանայք հանդես են գալիս այնպիսի հետաքրքիր մի մարզաձևով, ինչպիսին գեղարվեստական մարմնամարզությունն է: Այս դեպքում մարմնամարզուհիների ելույթներն ուղեկցվում են երաժշտությամբ:
Մարմնամարզիկների բարձրագույն կոչումը բացարձակ չեմպիոնի կոչումն է: Սովետական մարմնամարզիկներն այդ պատվավոր տիտղոսը հաճախ են նվաճել ինչպես աշխարհի առաջնություններում, այնպես էլ Օլիմպիական խաղերում: