Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/216

Այս էջը հաստատված է

և պարունակում է մարդուն շատ անհրաժեշտ А պրովիտամին։

Ավելի մեծ բուժիչ հատկություններով է օժտված մեղվակաթ կոչվող այն խառնուրդը, որով մեղուները կերակրում են ապագա մայրերին։ Մեղվակաթն արժեքավոր դեղամիջոց է, բարելավում է սրտի աշխատանքը, լավացնում ախորժակն ու բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ։

Բայց մեղվի պարգևած ամենաարժեքավոր դեղը նրա թույնն է։ Մեղվի խայթոցն անցանկալի է, իսկ 400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար կարող է ողբերգական ավարտ ունենալ։ Եվ այնուամենայնիվ, մեղվի թույնը, ճիշտ օգտագործվելու դեպքում, կարող է շատ հիվանդություններ բուժել։


Մենդելեև Դմիտրի Իվանովիչ

Կան բաներ, որոնց մարդը մշտապես դիմում է իր առօրյա կյանքում, ինչպես, օրինակ, օրացույցը, ժամացույցը, բազմապատկման աղյուսակը Քիմիայում այդպիսի «բազմապատկման աղյուսակ» է դարձել քիմիական տարրերի պարբերական համակարգը, որը 1869 թ մշակել է ռուս մեծ գիտնական Դ․ Ի․ Մենդելեևը։

Դմիտրի Իվանովիչը ծնվել է Տոբոլսկ քաղաքում։ Նրա մանկությունը հեշտ չի անցել։ Նա Տոբոլսկի գիմնազիայի դիրեկտորի ընտանիքի տասնյոթերորդ զավակն էր և վաղ որբացավ։

Մանկավարժական ինստիտուտ ավարտելուց հետո Մենդելեևն անցավ ուսուցչական աշխատանքի։ Հետագա նշանավոր շատ քիմիկոսներ եղել են նրա աշակերտը։

Նա գրել է «Քիմիայի հիմունքները» հրաշալի դասագիրքը, որը մի կատարյալ քիմիական հանրագիտարան է։ Մենդելեևը մշտապես կատարելագործում էր այն, լրացնում նորագույն հայտնագործությունների տվյալներով «Քիմիայի հիմունքները» գրելու շրջանում էլ նա ստեղծեց քիմիական տարրերի իր նշանավոր պարբերական համակարգը։

Դ․ Ի․ Մենդելեևը հայտնագործեց, որ իր ժամանակ հայտնի քիմիական 63 տարրերի հատկությունները պարբերաբար կրկնվում են, երբ այդ տարրերը դասավորված են լինում ըստ ատոմական զանգվածի աճի սկսած ամենաթեթևից ջրածնից, մինչև ամենածանրը՝ ուրանը։ Այս օրինաչափությունն էլ դրվեց պարբերական համակարգի հիմքում, որը քիմիական տարրերի՝ մինչ այդ հայտնագործությունը տիրող քաոսային աշխարհում սահմանեց խիստ օրինաչափություններ, «կարգի բերեց» այն։ Դ․ Ի․ Մենդելեևի պարբերական համակարգին դուք կծանոթանաք բարձր դասարաններում, քիմիայի դասերին։

Հենվելով իր համակարգի վրա, Մենդելեևը կանխագուշակեց մինչ այդ անհայտ մի քանի քիմիական տարրերի գոյությունը և նկարագրեց նրանց ամենակարևոր հատկությունները Հետագայում բոլոր այդ տարրերը հայտնագործվեցին։ Քիմիայում սա առաջին խորապես գիտական կանխագուշակությունն էր։

Դժվար է նշել մարդկային գործունեության որևէ բնագավառ, որը հետաքրքրած չլինի Մենդելեևին։

Նա ուսումնասիրում էր նավթի հանքավայրերն ու նրա տարբեր բաղադրությունները։ Ու, թերևս, առաջինը հանգեց այն եզրակացության, որ նավթն արժեքավոր է ոչ միայն իբրև վառելիք, այլև իբրև կարևորագույն շատ նյութերի աղբյուր։ Նա հետազոտում էր Երկրի մթնոլորտը և աներկյուղ, միայնակ, օդապարիկով օդ բարձրացավ։

Նա հետաքրքրվում էր Արկտիկայի յուրացմամբ և սառցահատի նախագիծ