Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/231

Այս էջը սրբագրված է

եմ, որ հասել եմ նպատակակետիս»։ Իր ապագա աշխատանքի մասին այսպես էր խորհում քսանհինգամյա գիտնական ՆիկոԼայ Նիկոլաևիչ Միկլուխո-Մակլայը Նոր Գվինեայի ափին, ուր մինչ այդ ոչ մի սպիտակամորթ չէր բնակվել։ Նրան ամենից շատ հետաքրքրում էին կղզու բնակիչները՝ պապուասները, որոնք սարսափելի մարդկանց համբավ ունեին։ Փորձված նավազներն անգամ խուսափում էին այդ «սատանայական հողում» ափ իջնելուց։

19-րդ դարի երկրորդ կեսին գիտնականների միջև բուռն վեճեր էին գնում մարդու ծագման և զարգացման մասին։ Մի մասը գտնում էր, որ սպիտակամորթները բարձր ռասայի մարդիկ են, իսկ գունամորթները ցածր ռասայի, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես թերզարգացած մարդիկ են։ Միկլուխո-Մակլայը պնդում էր, որ բոլոր ռասաների մարդիկ միևնույն ծագումն ունեն, և որ ամեն ինչ կախված է կենսապայմաններից ու դաստիարակությունից։

Իր տեսակետը համոզիչ կերպով ապացուցելու համար Միկլուխո-Մակլային փաստեր էին պետք, իսկ այդ փաստերը հավաքելու համար նա ինքը իր սեփական աչքով պետք է տեսներ պապուասների կյանքը, կենցաղը, սովորույթները, զանազան հետազոտություններ կատարելով ուսումնասիրեր այդ մարդկանց։ Ահա թե ինչու էր Մակլայը հայտնվել Աստրոլեյբի ծոցի ափին, մեն-մենակ՝ պապուասների նախնադարյան ցեղերի մեջ։ Նա հավատացած էր, որ եթե բավականաչափ վճռականություն, կամք և համբերություն ցուցաբերի, կկարողանա նվաճել պապուասների վստահությունը և կլուծի հետազոտողի իր խնդիրները։ Դա մի իսկական սխրանք էր, սխրանք հանուն գիտության։

«Եթե ուզում ես վստահություն նվաճել, վստահիր ինքդ»,- մտածում էր Մակլայը: Եվ նա ուղևորվեց դեպի իր հյուղակին ամենամոտ պապուասական գյուղ։ Այդ հյուղակը Մակլայի համար ափին կառուցել էին «Վիտյազ» հետախուզական ռազմանավի նավազները, որով նա Նոր Գվինեա էր հասել։ Գյուղ ճանապարհվելիս գիտնականը որոշեց հետը զենք չվերցնել։ Նա գրպանը դրեց միայն ծոցատետր ու մատիտ։

Միկլուխո-Մակլայի այցն անսպասելի էր։ Պապուասներն իրար անցան, կանանց ու երեխաներին թաքցրին և տագնապով հետևում էին անկոչ հյուրի ամեն մի շարժմանը, հետո նրանցից մեկը նետ արձակեց, որն անցավ Մակլայի ճիշտ քթի տակով, դրանով, ասես, նախազգուշացնում էին, թե ավելի լավ կանի՝ հեռանա։ Բայց նա չգնաց։ Շուրջը նայեց, կոկոսյան արմավենու ստվերում փռված մի խսիր տեսավ, պառկեց վրան և շուտով քնեց՝ ուժասպառ եղած ճանապարհից ու շոգից։Պապուասները տարակուսանքի մեջ էին՝ չկարողանալով հասկանալ սպիտակամորթի վարմունքը, բայց նրան ձեռք չտվեցին։ Արթնանալով՝ Մակլայը վեր կացավ, գլխի շարժումով հրաժեշտ տվեց բոլորին ու գնաց։

Այդպես սկսվեց նրա մտերմությունը պապուասների հետ։ Հետզհետե, դանդաղորեն նրանք վարժվեցին Մակլային, իսկ հետո նաև սիրեցին։ Նրանք Մակլային արտասովոր, աստվածային ծագում ունեցող մարդ էին համարում, որն իրենց մոտ է եկել Լուսնից։ Մակլայը բացատրում էր, որ իր հայրենիքը Ռուսաստանն է։ «Ուրեմն, Ռուսաստանը Լուսնի վրա է»,- մտածում էին պապուասները։ Նվաճելով պապուասների վստահությունն ու սերը՝ Մակլայը գիտական խիստ արժեքավոր նյութ հավաքեց։ Նա ուսումնասիրում էր պապուասների մարմնակազմության առանձնահատկությունները, նրանց կենցաղն ու բարքերը, որպեսզի ապացուցեր երկրագնդի վրա ապրող բոլոր մարդկանց ծագման ընդհանրությունը։

Մի քանի անգամ Մակլայը մեկնել է Նոր Գվինեայից, հետո նորից վերադարձել։ Եվ ամեն անգամ պապուասները նրան դիմավորում էին անկեղծ ուրախությամբ