Հովհ. Բաղրամյանը, Ս. Խուդյակովը, Հ. Բաբաջանյանը, ծովակալ Հովհ. Իսակովը, ավելի քան 60 գեներալներ հարյուրից ավելի հայորդիներ արժանացան Սովետական Միության հերոսի կոչման:
Սովետական Հայաստանը մայր հայրենիքն է համայն հայության: Կազմակերպվել է շուրջ 200 հզ. տարագիր հայերի հայրենադարձություն, և աճում ու ամրապնդվում են մայր հայրենիքի ու սփյուռքի անխախտ կապերը: Ամեն տարի սփյուռքահայ բազմաթիվ հայ մանուկներ և ուսուցիչներ այցելում են Սովետական Հայաստան, հանգստանում նրա գեղատեսիլ վայրերում:
Հեղափոխական շարժման և սոցիալիստական շինարարության մեջ ձեռք բերած նվաճումների համար Սովետական Հայաստանը պարգևատրվել է Լենինի 3, հոկտեմբերյան հեղափոխության և ժողովուրդների բարեկամության շքանշաններով:
ՍՍՀՄ ժողովուրդների եղբայրական ընտանիքում Սովետական Հայաստանը, նրա ազատագրված ժողովուրդն ընթանում են անշեղ վերելքի ուղիով դեպի կոմունիզմ:
Հայաստանի ազգագրության թանգարան
Դեռևս 19-րդ դարի վերջին հայ մտավորականներից շատերը երազում էին ստեղծել մեր ժողովրդի կենցաղին ու մշակույթին նվիրված թանգարան, որը միաժամանակ դառնար հայ ժողովրդի ծագման, կենցաղի, սովորույթների, արհեստների, տարազի, այսինքն ազգագրության ուսումնասիրության կարևոր կենտրոններից մեկը: Եվ ահա 1921թ. ստեղծված Հայաստանի պատմության թանգարանի մի շարք բաժինների կողքին տեղ գտավ նաև ազգագրության բաժինը: Իսկ 1978թ. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում իր առաջին այցելուներն ընդունեց Հայաստանի ազգագրության թանգարանը:
Միջնադարյան ամրոց հիշեցնող թանգարանի հոյակերտ շենքը կառուցվել է ՍՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռ. Իսրայելյանի նախագծով:
Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին քարի դարից մինչև մեր օրերը:
Մարդկային հասարակության վաղ ժամանակաշրջանին նվիրված բաժիններում