Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/250

Այս էջը հաստատված է

Հաճախ կարծում են, թե դա «թունավոր» պղնձօձն է: Մինչդեռ իրականում դա իլիկաօձն (իլիկամողեսն) է: Իլիկաօձի աչքերը կոպեր ունեն (իսկ օձերը կոպեր չունեն), աչքերի ետևում երևում են ականջների անցքերը (իսկ օձերն արտաքին ականջ չունեն), նա կարող է պոչը թողնել ու փախչել (իսկ օձերն այդ չեն անում): Իլիկաօձը սնվում է մանր փափկամորթներով, անձրևորդերով:

Կովկասում և Միջին Ասիայում հանդիպում է ավելի խոշոր անոտ մողես: Դա ավելի քան մեկ մետր երկարությամբ դեղնափորիկն է: Նա, ինչպես և իլիկաօձը, անվնաս է, սնվում է խխունջներով, բզեզներով:

Գեկոն մողեսները ոտքերի մատներին ունեն չափազանց մանր մազմզուկներով ծածկված լայնացումներ: Ճարպկորեն կառչելով պատերի անհարթություններին՝ նրանք վեր ու վար են վազվզում և միջատներ որսում:

Կենտրոնական Ամերիկայում ապրում են անսովոր մողեսներ՝ թունատամներ: Նրանց ներքին ծնոտներին կան թունավոր գեղձեր (օձերի թունավոր գեղձերը վերին ծնոտին են): Մարդկանց համար թունատամի խայթոցը շատ ցավոտ է:

Սովետական Միությունում տարածված 77 տեսակի մողեսներից 24 տեսակն ապրում է նաև մեր հանրապետությունում, որոնք բոլորն էլ ձվադրող մողեսներ են:

Մոմիկ

Հայոց աշխարհով անցած դարերի ընթացքում շատ կառույցներ են հիմնահատակ ավերվել կամ կիսակործան եղել, բազմաթիվ ճարտարապետների ու քարգործ վարպետների անուններ են անհետ կորել: Պահպանված քչերի մեջ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշել Մոմիկ անունը, նրա մասին նույնիսկ ավանդություն հյուսել: Ստեղծագործելով 13-րդ դարի վերջերից մինչև 14-րդ դարի 30-ական թվականները, հիմնականում Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը մատյաններ է ծաղկել-նկարազարդել, կերտել հրաշալի խաչքարեր, կառուցել հիացմունք շարժող ճարտարապետական կոթողներ:

Քիչ տեղեկություններ են պահպանվել Մոմիկի կյանքի մասին: Ամենայն հավանականությամբ, նա ծնվել է 13-րդ դարի 60-ական թվականներին, Վայոց ձորում: Ենթադրվում է, որ սովորել է ժամանակի կրթական նշանավոր կենտրոն Գլաձորի համալսարանում (որի հիմնադրման 700-ամյակը մեծ շուքով նշվեց 1984 թ.), աշակերտել ճանաչված քանդակագործ-ճարտարապետ Սիրանեսին:

Սկզբում Մոմիկն զբաղվում էր մանրանկարչությամբ, այսինքն՝ մագաղաթե ձեռագիր մատյաններ էր ծաղկում-պատկերազարդում: Մեզ են հասել նրա ծաղկած մատյաններից չորսը, որոնցից երեքը պահվում են Երևանի Մատենադարանում: Մոմիկի ստեղծած մանրանկարներն աչքի են ընկնում ներքին հուզականությամբ, պատկերված դեմքերն արտահայտիչ են, շարժուն ու կենդանի, գույները մեղմ ու ներդաշնակ:

Շռայլ շնորհներով օժտված արվեստագետը մատյան-մագաղաթից այնուհետև անցնում է քարին, մանրանկարչի իր արվեստը շարունակում քարի վրա կենդանություն պարգևելով նրան: Մոմիկն սկսում է խաչքարեր կերտել: Նրա զարդահյուս