Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/251

Այս էջը հաստատված է

քանդականախշ խաչքարերը հիացնում են դիտողին: Հայկական հազարավոր խաչքարերի մեջ լավագույններից է 1308 թ. նրա խաչքարը (այժմ պահվում է Էջմիածնում)՝ այնքան նրբագեղ, որ թվում է, դիմացդ ոչ թե քար է, այլ ասեղնագործ ժանյակ:

Մոմիկի անվան հետ է կապված նաև հայ միջնադարյան ճարտարապետության այնպիսի ինքնատիպ ու անզուգական կառույցների ծնունդը, ինչպիսին են Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Արենի (նախկինում՝ Արփա) գյուղում գտնվող, Արփա գետի ափին ընկած բլրի գագաթին կառուցված եկեղեցին և, մանավանդ, նույն շրջանի Ամաղու գյուղից քիչ հեռու, դժվարամատչելի սարավանդին բարձրացող: Նորավանքի երկհարկ դամբարան-եկեղեցին, որը եղավ Մոմիկի վերջին գործը: Այս կառույցներում էր, որ ամբողջությամբ դրսևորվեց քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի տաղանդը, նրա մտքի թռիչքը, այն նորը, որ նա բերում էր հայրենի կառուցողական արվեստին: Ենթադրվում է, որ Մոմիկն է կառուցել նաև Գորիսի շրջանում գտնվող Տաթևի վանքի սուրբ Գրիգոր և Եղեգնաձորի շրջանի Ալայազ (նախկինում՝ Եղեգիս) գյուղում գտնվող Զորաց եկեղեցիները:

Իր բազմակողմանի տաղանդի ուժով ստեղծած գանձերի շնորհիվ է, որ Մոմիկը կանգնում է միջնադարյան հայ ականավոր արվեստագետների կողքին:

Մոնղոլիա

(Մոնղոլական ժողովրդական հանրապետություն, ՄԺՀ)

Անծայրածիր է մոնղոլական տափաստանը: Նրա հարթավայրերում և զառիկող բլուրներին մի ծառ անգամ չես տեսնի, չորս կողմդ քամուց թեթևակի ծփացող խոտ է սոսկ Մոնղոլիայի հյուսիս-արևմուտքում է միայն, որ բարձրանում են խիտ, փշատերև անտառներով ծածկված լեռներ, իսկ միջլեռնային գոգահովիտներում կապույտին են տալիս բազմաթիվ լճեր:

Երկրի ամենահարավում տարածվում է ընդարձակ ու անջուր Գոբի անապատը:

Տափաստանում արածում են կովերի մեծ նախիրներ, ոչխարների, այծերի հոտեր, ձիերի երամակներ, իսկ Գոբի անապատում՝ ուղտեր: Այստեղ-այնտեղ սևին են տալիս յուրդերը արատների (Մոնղոլիայում այդպես են անվանում անասնապահներին) կացարանները: Անհիշելի ժամանակներից քոչվոր անասնապահությունը մոնղոլների գլխավոր զբաղմունքն է: Երբ մի արոտավայրի խոտն անասուններն ուտում վերջացնում են, հովիկները նրանց մեկ այլ արոտավայր են քշում Ձմռանը, երբ սկսվում են դաժան սառնամանիքները, մոլեգնում փոթորիկն ու ձնաբուքը, կենդանիների վիճակը ծանրանում է: Ձյան հաստ շերտի տակից նրանք դժվարությամբ են պոկոտում հանում նախորդ տարվա չորացած խոտը: Անհրաժեշտ է լինում նրանց լրացուցիչ կերակրել, այլապես կսատկեն:

1924 թ. Մոնղոլիան հռչակվեց ժողովրդական հանրապետություն: Հողը, նրա ընդերքը, ջուրը, անտառները, անասունները, որոնք նախկինում պատկանում էին ֆեոդալներին, դարձան ժողովրդի սեփականությունը: Արատները աստիճանաբար միավորվեցին կոոպերատիվներում:

Առողջ, մատղաշ անասուններ՝ գառներ, հորթեր, մտրուկներ աճեցնելու և խնամելու գործում մեծահասակներին օգնում են երեխաները: Գյուղական շատ դպրոցներում ամռան արձակուրդների օրերին երեխաները հանձնարարություն են ստանում մտրուկներին հեծելավազքի վարժեցնել: Տոներին կազմակերպվում են ձիարշավներ, որոնց, մեծահասակներից բացի, մասնակցում են նաև 8-12 տարեկան տղաներն ու աղջիկները: Անասնապահությունը Մոնղոլիայի տնտեսության հիմնական ճյուղն է, անասուններն էլ՝ նրա գլխավոր հարստությունը: Զուր չէ, որ Մոնղոլիայի գերբի վրա պատկերված է արշավող հեծյալ: Երկրի մյուս հարստություններն առաջ բոլորովին չէին օգտագործվում Կրոնական հին սովորությամբ արգելվում էր հողը փորել նախաստեղծ բնությունը չէր կարելի փոխել. Այդ էր պատճառը, որ մոնղոլներն անցյալում երկրագործությամբ երբեք չեն զբաղվել և նույնիսկ չգիտեին հացի համը Իսկ այժմ տրակտորներով հերկում են խոպան հողերը: Մշակում են ցորեն, բանջարեղեն: Երկրաբանները երկրի ընդերքում հայտնաբերել են ածուխ, նավթ, երկաթի հանքաքար, պղինձ, վոլֆրամ, մոլիբդեն, անագ:

Սովետական Միությունը և եղբայրական մյուս սոցիալիստական երկրները մոնղոլներին օգնում են նոր կյանք կերտելու՝ կառուցելու ածխահորեր, նավթահորեր, գործարաններ և ֆաբրիկաներ: Արդյունաբերական շատ ձեռնարկություններ