Կրեմլի պատը մեզ համար թանկ է ոչ միայն որպես պատմական հուշարձան: Այն սրբավայր է, որտեղ ամփոփված են հեղափոխության մարտիկների, կուսակցական ու պետական ականավոր գործիչների, զորավարների, գիտնականների աճյունասափորները, իսկ առջևում Լենինի դամբարանն է և Անհայտ զինվորի գերեզմանը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մոսկվայում էր գտնվում Սովետական Միության զինված ուժերի շտաբը: Երբ ֆաշիստները մոտեցան Մոսկվային, նրանք հույս ունեին, թե հեշտությամբ կգրավեն սովետական պետության մայրաքաղաքը և հաղթանակով կավարտեն պատերազմը: Քաղաքի պաշտպանության համար ոտքի կանգնեց ողջ ժողովուրդը: Մոսկվայի մատույցներում մղված մարտերում թշնամին ծանր պարտություն կրեց: Մոսկվան հերոս քաղաք է, նրա դրոշի վրա փայլում են «Ոսկե աստղը», Լենինի երկու և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանները:
Ժամանակակից Մոսկվան սոցիալիստական վիթխարի քաղաք է: Բազմահարկ շենքերը, ասֆալտապատ լայնահուն փողոցներն ու ընդարձակ հրապարակները, գրանիտե առափնյակներն ու կամուրջների կամարները, կանաչապատ պուրակներն ու զբոսայգիները ներդաշնակում են հինավուրց շենքերին, ռուսական ճարտարապետության բազմաթիվ արժեքավոր հուշարձաններին:
Սովետական Միության մայրաքաղաքն ապրում է աշխատանքային եռուն կյանքով: Նրա խոշոր ֆաբրիկաներն ու գործարաններն այնքան բազմազան արտադրանք են թողարկում, որ նրանց անվանումների թվարկումը միայն գրքի մի քանի էջ կզբաղեցներ: Մայրաքաղաքի արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից են Լիխաչևի և Լենինյան կոմերիտմիության անվան ավտոմոբիլային գործարանները, «Կրասնի Օկտյաբր» հրուշակեղենի ֆաբրիկան, բամբակե գործվածքների «Տրյոխ-գորնայա մանուֆակտուրա» կոմբինատը, «Կրասնի պրոլետարի» հաստոցաշինական գործարանը