Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/259

Այս էջը հաստատված է

Ճանապարհորդությունների ընթացքում Մոցարտը ծանոթանում էր Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի, Հոլանդիայի երաժշտությանը: Նրան դուր էին գալիս այդ երկրներում հնչող ժողովրդական մեղեդիները: «Երաժշտական թափառումները» լուրջ ու կարևոր դպրոց եղան: «Ոչ ոք այնքան ջանք չի թափել երաժշտություն ստեղծելու օրենքներն ուսումնասիրելու համար, որքան ես: Ջանասիրաբար և հանգամանորեն ուսումնասիրել եմ բոլոր հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ես սովորել եմ նրանցից»,- հետագայում գրել է Մոցարտը:

Նրա առաջին ուսուցիչը հայրն էր, որը հայտնի մանկավարժ էր, կոմպոզիտոր, գերազանց ջութակահար և չոր ու գործարար մի մարդ էր։ Վոլֆգանգը ժառանգել էր մոր բնավորության գծերը: Լինելով դյուրահավատ ու պարզ մարդ՝ հեշտ էր մտերմանում մարդկանց հետ, իսկ կենցաղային գործերից գլուխ չէր հանում: Պաշտոնի և փողի համար չէր նվաստանում մեծատոհմիկների առջև, չէր հաշտվում պալատական երաժշտի ստորաքարշ վիճակի հետ:

26 տարեկան հասակում նա հեռացավ հայրենի Զալցբուրգից և սկսեց ինքնուրույն կյանք վարել Վիեննայում: Այստեղ էլ, ինչպես ամենուրեք, հիանում էին նրա կլավեսինի նվագով, երաժշտության ճշմարիտ սիրահարները խոնարհվում էին նրա սիմֆոնիաների, սոնատների, «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ» օպերաների առջև:

Բայց Վիեննայի պալատական թատրոններում այդ ժամանակ հարգի էին իտալական կոմպոզիտորները։ Վիեննայում թշնամաբար էին տրամադրված գերմանական երաժշտության հանդեպ, իսկ Մոցարտը ձգտում էր բարձրացնել հայրենական երաժշտությունը: Նրա հակառակորդներն ամեն ինչ արեցին, որ Մոցարտը Վիեննայում ապրած տաս տարիների ընթացքում իր տաղանդին արժանի աշխատանք չգտներ: Մոցարտը մահացավ ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում, երբ դեռ չէր լրացել նրա 36 տարին: Ուժից վեր աշխատանքը (նա գրեթե ամեն օր համերգ էր տալիս) և զրկանքները քայքայեցին նրա առողջությունը: Բայց Մոցարտի պայծառ, լուսաշող երաժշտությունն անմահ է: Այդ երաժշտությունը բանականության և արդարության հաղթանակի հավատ է ներշնչում:


Մսի կոմբինատ

Մսի կոմբինատը նախաճաշերի, ճաշերի և ընթրիքների մի ամբողջ գործարան է Խոշոր քաղաքների խանութները մսի կոմբինատից ստանում են երշիկ, խոզապուխտ, նրբերշիկ, պելմեններ, կոտլետներ, միս: Օրինակ, Երևանի մսի կոմբինատն օրական արտադրում է հազարավոր կոտլետներ, նույնքան տուփ պելմեններ, կոլոլակ, հարյուրավոր կիլոգրամ երշիկ:

Մսի կոմբինատի արտադրամասերում ոսկորներից անջատված միսն աղում են հսկայական մսաղացներով: Այլ մեքենաներ մսի վրա աղ են ցանում, մեկ անգամ էլ աղում, ավելացնում համեմունքներ: Վերջապես հատուկ սրսկիչները երշիկի պատրաստի լցոնը «ներարկում» են թաղանթի մեջ: Այնուհետև երշիկները կախում են կոնվեյերի շրջանակներից և ուղարկում հետագա մշակման: Մի խցում դրանք «խորովում» են տաք օդով, մյուսում՝ եփում գոլորշու հոսքում, երրորդում՝ սառեցնում սառը ցնցուղի տակ, չորրորդում օդափոխիչներով չորս կողմից շրջափչում են և չորացնում:

Երշիկը ոչ միայն պետք է եփել, այլև պահպանել փչանալուց: Ահա թե ինչու միսը, ապա լցոնը և, վերջապես, հում երշիկը մեքենայից մեքենա են փոխանցում անհապաղ, առանց ձգձգելու: Բոլոր արտադրամասերում օդը