Շողշողուն պարսով նրանք օդ են բարձրանում, հետո իջնում են գետնին և մահանում: Իսկ էգերը կորցնում են թևերը և մինչև կյանքի վերջն ապրում մրջնանոցի խորքում ու ձվադրում:
Մրջնանոցի ողջ աշխատանքը կատարում են աշխատավոր մրջյունները՝ կառուցում են մրջնանոցը, պաշտպանում, կեր կուտակում: Մրջյունների որոշ տեսակների մեջ կան «զինվորներ», որոնք ավելի խոշոր են և ուժեղ ծնոտներ ունեն: Նրանց գործը մրջնանոցի պաշտպանությունն է: Կան այնպիսի մրջնանոցներ, որտեղ ապրում են միմյանց իսպառ չնմանվող, օրինակ, սև ու մեծ և շեկ ու փոքր մրջյուններ: Պարզվում է, որ սև մրջյունները կողոպտել են օտար մրջնանոցը, իրենց մոտ բերել հարսնյակներին, որոնցից էլ ծնվել են շեկ մըրջյունները և դարձել նրանց «ստրուկները»:
Մրջյունները մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն: Ասենք, հանդիպում են կուշտ ու քաղցած մրջյունները և իրենց բեղիկներով «զրույցի բռնվում» (մրջյուններն ազդանշանները հաղորդում են բեղիկանտենաների շարժումներով) Կուշտ մըրջյունը սննդարար կաթիլ է փսխում ստամոքսից, իսկ սովածն այն լիզում է: Այդպես ամբողջ մրջնանոցը միշտ և հավասարաչափ ապահովված է լինում սննդով: Մրջյունները հարմարվել են «կթելու» նաև ուրիշ միջատների՝ կանաչ լվիճներին: Նրանք նույնիսկ «արածեցնում» են այդ լվիճներին, իսկ հետո լիզում նրանց քաղցր արտաթորանքը:
Մրջյունները մարդու բարեկամներն են. նրանք փրկում են անտառը: Հաշվել են, որ մրջյունները 12 ժամվա ընթացքում մրջնանոց են բերել երկրաչափ վնասատու թիթեռի 33 հզ թրթուր: Նշանակում է, երկրաչափի բազմացման շրջանում մրջյունները կոչնչացնեն մոտ մեկ միլիոն այդպիսի վնասատու: Ահա թե ինչու այնտեղ, ուր պահակային աշտարակների նման բարձրանում են մրջյունների «ամրոցները», անտառն առողջ է ու մաքուր: Այժմ մարդիկ նույնիսկ սկսել են մրջնանոցի առանձին մասեր «վերաբնակեցնել» «հիվանդ» անտառներում: Եթե զգուշորեն վերցնենք մրջնակուտակի մի մասը, տեղավորենք պարկում, հետո շաղ տանք ծառի հարավային կողմի չոր գետնին, մրջյուններն արագ «տնտեսություն» կստեղծեն, իսկ հին մրջնանոցը կընորոգեն: Բայց երբեք չպետք է մրջյունների խուճապով զվարճանալու համար փորփրել մրջնանոցը:
Մրջնակեր
Այս ինքնատիպ կաթնասունների գլխավոր զենքը երկար, բարակ և կպչուն լեզուն է, որով նրանք բռնում են իրենց կերը մրջյուններ և տերմիտներ: Աշխարհում գոյություն ունի մրջնակերների ընդամենը երեք տեսակ, որոնք ապրում են Հարավային Ամերիկյայում:
Թփուտային սավաննաներում ապրում է մեկ մետրից ավելի երկարություն և մինչև 35 կգ քաշ ունեցող մեծ մրջնակերը: Նրա դունչը երկար է, խողովակաձև, աչքերն ու ականջները փոքր են, բայց դրա փոխարեն ունի վիթխարի, փարթամ պոչ: Իսկ թաթերը զինված են ուժեղ և սուր, կեռ ճիրաններով: Նրա թաթի ուժին չի դիմանում ոչ մի մրջնանոց կամ տերմիտանոց: Հասնելով իր «զոհերին»՝ մրջնակերն իր կըպչուն, կես մետրից ավելի երկարություն ունեցող լեզվով ճանկում է նրանց և մեկ րոպեում մինչև 160 անգամ ետ ու առաջ շարժում այն: Մրջնակերն ատամներ չունի և կերը ծամում է ստամոքսով: Նրա ստամոքսի պատերին կան եղջրային ակոսիկներ, և, բացի այդ, այն լի է ավազով ու մանր քարերով, որոնց օգնությամբ էլ հենց մանրանում է կերը:
Երբ մեծ մրջնակերը ձագ է ունենում, մայրը նրան մեկ ամսից ավելի կրում է իր մեջքին: Ձագը սուր ճանկերով ամուր կառչում է մոր մազածածկույթից:
Մյուս մրջնակերը՝ տամանդուան, շատ ավելի փոքր է, ունի մինչև կես մետր երկարություն և 3-5 կգ քաշ: Նրա դունչը կարճ է, բայց ականջներն ավելի երկար են, քան իր խոշոր ցեղակցինը: Տամանդուան կարող է քայլել գետնի վրա, բայց մեծ հաճույքով ծառ է մագլցում ճյուղերի վրա մնում է իր կառչուն պոչի օգնությամբ:
Խիտ անտառում, ծառերի սաղարթի մեջ երբեմն հաջողվում է տեսնել թզուկ մրջնակերին: Սա մինչև 20 սմ երկարությամբ և մոտ 500 գ քաշով փոքրիկ գազանիկ է: Նա գետին չի իջնում, գիշերները ճյուղից ճյուղ է մագլցում՝ կառչելով թաթերով և երկար ու կառչուն պոչով, իսկ ցերեկները մտնում է փչակ և կծիկ դարձած քնում