Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/267

Այս էջը հաստատված է

նում է երաժշտությունը: Եվ Մուսորգսկին որոշում է թողնել փայլուն սկսած զինվորական ծառայությունը: Նա ամբողջովին նվիրվում է համառ աշխատանքին, ինքնակրթությանը:

Արագորեն հասունանում է կոմպոզիտորի տաղանդը: Տասնինը տարեկան հասակում նա որոշում է կյանքը նվիրել երաժշտությանը: Իսկ երեսուն տարեկանում արդեն կոմպոզիտորն ստեղծում է մեծագույն մի երկ՝ «Բորիս Գոդունով» օպերան, որի գլխավոր գործող անձը ժողովուրդն է: Առաջին անգամ էր, որ օպերայում հնչում էին ժողովրդական երգերի մեղեդիներ: Նրա հետագա բոլոր ստեղծագործությունները ևս՝ «Առանց արևի», «Մահվան երգեր ու պարեր» վոկալ շարքերը, «խովանշչինա» օպերան, վկայում են, որ Մուսորգսկին իր տաղանդի ողջ ուժը նվիրել էր բռնության դեմ ընդվզող ժողովրդի գովերգմանը:

Իրենց երաժշտական ստեղծագործություններում «Հզոր խմբակի» կոմպոզիտորներն արտահայտում էին Ռուսաստանի առաջադեմ մարդկանց վրդովմունքը ռուս ժողովրդի ծայրահեղ աղքատության և իրավազրկության դեմ ժամանակակիցները Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» և Մ. Պ. Մոաորգսկու «Բորիս Գոդունով» օպերաներն ընկալեցին իբրև ընդվզում ընդդեմ ամեն տեսակ հարստահարիչների, ընդդեմ ինքնակալության:

Մուսորգսկին սիրում էր երեխաներին: Նրա այդ սիրո արտահայտություններից է «Մանկական» խորագիրը կրող յոթ երգերի շարքը, որը կոմպոզիտորն ստեղծել է իր իսկ տեքստերով: Այդ երգերում ճշմարտացիորեն վերարտադրված է մանուկներին հատուկ հետաքրքրությունների և հույզերի աշխարհը:

Մուսորգսկին մեռավ 42 տարեկան հասակում՝ անավարտ թողնելով սկսած բազմաթիվ ստեղծագործություններ: Բայց նույնիսկ այն, ինչ նա ստեղծել է, նրան դասում է աշխարհի մեծագույն կոմպոզիտորների շարքը:

Մուրացան

Անցյալ դարի 80-ական թվականներին գրական ասպարեզ իջավ մի գրող, որի անվան հետ է կապված հայ գրականության հիանալի պատմավեպերից մեկի «Գևորգ Մարզպետունու» ծնունդը: Դա Մուրացանն էր, իսկական անունը՝ Գրիգոր Աստվածատուրի Տեր-Հովհաննիսյան:

Ծնվել է Ղարաբաղի Շուշի քաղաքում, ավարտել տեղի թեմական դպրոցը, հետո երկու տարի ուսուցչություն արել ծննդավայրում՝ դասավանդելով հայոց լեզու և պատմություն:

Ընկերներից և հարազատներից, հավանաբար, քչերը կարող էին կռահել, թե ինչն էր մտահոգում ապագա գրողին, ինչ ծրագրեր ուներ, երբ քսաներեք տարեկան հասակում հեռացավ տնից՝ շրջագայելու հայրենի երկիրը: Ճանապարհորդելու ընթացքում նա, իհարկե, հիացավ հայրենի բնաշխարհով, բայց ավելի շատ կարդաց գրքեր ու հին ձեռագրեր՝ իմանալու իր ժողովրդի անցյալը, մտավ գյուղեր, տեսավ հայ շինականի հոգսերն ու դառը կյանքը: Այդ ճանապարհորդությունը կարևոր դեր խաղաց գրողի ստեղծագործական կյանքում:

1878 թ. Մուրացանը եկավ Թիֆլիս (Թբիլիսի), հաշվապահություն սովորեց և մինչև կյանքի վերջը աշխատեց առևտրական տներից մեկում: Աշխատանքից ազատ ժամերին էլ նա գրում էր հետագայում գրողը ցավով հիշում էր, որ եթե ապրուստ հայթայթելու հոգսը չլիներ, ապա որքան ավելի շատ գրած կլիներ:

Մուրացանի ստեղծագործության հիմնական թեման հայրենասիրությունն է, ազգապահպանսան գաղափարը: Նա գտնում էր, որ պետք է հավատարիմ մնալ հայ ժողովըրդի ավանդույթներին, լավագույն բարքերին, որոնք պահպանվել են հատկապես գյուղում