Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/313

Այս էջը հաստատված է

Շալյապին Ֆեոդոր Իվանովիչ

1873—1938

Այն ժամանակ նոր էր բոլորել նրա քսան տարին: Պայծառ աչքերով ու շեկ մազերով վիթխարահասակ պատանին կանգնել էր, մի ոտքից մյուսին հենվելով: Համերգի ներկաներից և ոչ մեկը կռահել անգամ չէր կարող, որ բոլորին անհայտ այդ երգիչը շուտով դառնալու է համաշխարհային փառքի տեր մեծ արտիստ: Բայց երգչի զգայացունց ձայնը, նրա գեղեցիկ, խորունկ ու որոտընդոստ բասը այն ժամանակ արդեն ապշեցնում էին ունկնդիրներին:

Անցավ մի քանի տարի, և Շալյապինը դարձավ Պետերբուրգի (այժմ Լենինգրադ) Մարիինյան թատրոնի դերասան, հանդես էր գալիս նաև Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում:

Առաջին հայացքից թվում էր, թե նա հաջողության է հասնում շնորհիվ միայն իր արտասովոր տաղանդի, առանց որևէ ջանքի: Բայց դա այդպես չէր: Նրան մոտիկից ճանաչողները պատմում էին, թե որքան լարված ու մտասույզ է նա աշխատում ամեն մի նոր ռոմանսը կամ երգը պատրաստելիս: Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում Բորիսի դերը կամ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովուհին» օպերայում Իվան Ահեղի դերը կերտելու ընթացքում Շալյապինը խորապես ուսումնասիրում էր այդ ժամանակվա պատմական բոլոր մանրամասները: Նա ժամերով նստում էր Տրետյակովյան պատկերասրահում, Ռեպինի կտավների առջև, զրուցում նշանավոր պատմաբան Կլյուչևսկու հետ, կարդում պատմական բազմաթիվ գրքեր:

Շալյապինն օժտված էր վերամարմնավորման հազվագյուտ տաղանդով: Դժվար էր պատկերացնելը, որ ծերությունից ու աշխատանքից կքված Պիմեն տարեգրի, ուրախ վանական Վառլաամի և խղճի խայթից տառապող ցար Բորիսի դերերը կարող է կատարել միևնույն արտիստը: Եվ այնուամենայնիվ, Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում Շալյապինը հանդես էր գալիս երեք դերերում: Նա ամբողջությամբ անգիր հիշում էր բոլոր այն օպերաները, ուր ինքը երգում էր:

Շալյապինը երգարվեստի իր ուսուցիչն էր համարում ռուս ժողովրդին. «Ինձ երգելու են քաջալերել ռուս հասարակ, արհեստավոր մարդիկ, — ասում էր նա, — Չէ՞ որ ռուս մարդիկ երգում են ծնված օրից: Երգում են միշտ: Երգում են դաշտում, խոտի մարագներում, գետակների, առվակների ափին, անտառներում: Ահա ինչու ես այդպես հպարտ եմ իմ երգող ժողովրդով»:

Բայց պատահեց այնպես, որ սովետական իշխանության առաջին տարիներին նա հեռացավ Ռուսաստանից: Ու չնայած մտովի շարունակ նրա հետ էր, բայց Շալյապինին այլևս երբեք չհաջողվեց տեսնել իր հայրենիքը: Միայն շատ տարիներ անց, 1984 թ., իր իսկ կտակի համաձայն երգչի աճյունը փոխադրվեց հայրենիք:

Ռուս մեծ երգիչ Ֆ. Ի. Շալյապինն անջնջելի հետք է թողել ռուս և համաշխարհային մշակույթի պատմության մեջ: Նրա անունը հայտնի է համայն մարդկությանը: Մ. Գորկին նրա մասին ասել է. «Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինը միշտ կլինի այն, ինչ է աշխարհին ուղղված շլացուցիչ վառ ու բերկրալի մի կանչ: Ահա նա՝ Ռուսիան, ահա ինչպիսին է նրա ժողովուրդը»:

Շախմատ

Ո՞վ և ե՞րբ է հնարել շախմատը: Նրա հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ շախմատի մասին առաջին անգամ հիշատակվել է 6-րդ դարում: Կա մի լեգենդ, ըստ որի շախմատը հնարել է մի հնդիկ: