Խստորեն հետևում էր ոստիկանությունը։ Կարծես ամեն ինչ խաղաղ էր ընթանում, «հայկական Անդերսենին» նվիրվում էին ջերմ խոսքեր, ճառեր։ Բայց ահա տեղի ունեցավ անսպասելին։ Հանդիսության նախագահ Ալեքսանդր Շիրվանզադեին է մոտենում ուսանողական համազգեստով մի գեղեցիկ երիտասարդ և ձայն խնդրում։ Դա Ստեփան Շահումյանն էր, որը ոչ միայն ողջունում է հոբելյարին, այլև հեղափոխական ճառ արտասանում, պայքարի կոչում տիրող կարգերի դեմ։
Այդ ժամանակ նա արդեն ձևավորված մարքսիստ-լենինյան էր, համոզված կոմունիստ՝ ամբողջովին նվիրված աշխատավոր ժողովրդի ազատագրման գործին։ Ծնված լինելով Թիֆլիսի աշխատավորական ընտանիքում՝ Ստեփանը վաղ հասակից տեսավ աղքատություն ու դառնություն և ատելությամբ լցվեց դեպի տիրող անարդարացի կարգերը։ Նա ելք էր որոնում և իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը գտնում ազատաշունչ գրքերում ու կյանքի համալսարաններում։ Դեռևս 1894 թ․ ռեալական ուսումնարանում սովորելու ժամանակ, նա ստեղծեց «Ծիածան» ընդհատակյա աշակերտական խմբակը, որը տարածում էր հեղափոխական, սոցիալիստական գաղափարներ Շահումյանի նշանաբանը դարձավ' «Ապրել, կռվել, հաղթանակել»։ Նա կապվում է Թիֆլիսի հեղափոխականների հետ, ագիտացիոն աշխատանք տանում աշխատավորների շրջանում, իսկ 1898 թ․ մտնում Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության շարքերը։
Նույն թվականին նա ընդունվում է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը, ուր ուսմանը զուգընթաց ծավալում է հեղափոխական լայն գործունեություն, հիմնում «Թեորետիկ» մարքսիստական խմբակը, կազմակերպում ուսանողական ու բանվորական ցույցեր, հրատարակում մարտական թռուցիկներ։ Սակայն ցարական իշխանությունները նկատում են նրա հեղափոխական աշխատանքը, և 1902 թ․ նա հեռացվում է ինստիտուտից։ Ուսումը շարունակելու համար Շահումյանը հարկադրված է լինում մեկնել արտասահման։ Նա սովորում է Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, մոտիկից ծանոթանում եվրոպական բանվորական ու սոցիալիստական շարժմանը։ 1903 թ․ Շահումյանը Ժնևում առաջին անգամ հանդիպում է Վ․ Ի․ Լենինին, որը նրա վրա թողնում է անջնջելի տպավորություն։ Նրանց միջև հաստատվում է անխախտ կապ ու ջերմ բարեկամություն։ Լենինի հանձնարարությամբ Շահումյանը կազմակերպում է հայերեն ու վրացերեն մարքսիստական, կուսակցական գրականության հրատարակություն։
1905 թ․ վերադառնալով Անդրկովկաս՝ Շահումյանը մխրճվում է կուսակցական աշխատանքի մեջ և իրեն դրսևորում որպես պրոֆեսիոնալ հեղափոխական, բոցաշունչ հրապարակախոս ու լրագրող։ Նա ազգային հարցի խորը գիտակ էր և ինտերնացիոնալ աշխատանք էր տանում երկրամասի բնակչության մեջ, հանդես գալիս բանավոր ու գրավոր ելույթներով, մերկացնում նացիոնալիստներին, համախմբում հայ, վրացի, ադրբեջանցի, ռուս և այլ ազգությունների աշխատավորներին, կազմակերպում նրանց համատեղ հեղափոխական պայքարը ցարական ինքնակալության դեմ։
Ստ Շահումյանը հայ ժողովրդի փրկությունը տեսնում էր համառուսաստանյան հեղափոխական շարժման մեջ, ցարիզմի ու կապիտալիզմի տապալման և սոցիալիզմի հաղթանակի մեջ։ Նրա ղեկավարությամբ է, որ 1899 թ․ Հայաստանի տարածքում (Ջալալօղլիում, այժմ՝ Ստեփանավան) ստեղծվում է մարքսիստական առաջին խմբակը, ապա ձևավորվում են սոցիալ-դեմոկրատական, բոլշևիկյան կազմակերպություններ, հրատարակվում են հայերեն լենինյան-իսկրայական, բոլշևիկյան թերթեր («Պրոլետարիատ», «Կայծ», «Նոր խոսք» և այլն)։ Միայն կոմունիստներն էին ցույց տալիս ժողովուրդների