Այստեղ ճակնդեղի տաշեղներից քաղցր հյութ է քամվում։ Բայց տարօրինակն այն է, որ ճակնդեղի սպիտակ տաշեղներից ստացվող հյութը սև է։ Պարզվում է, որ շաքարի ճակնդեղում, այնպես, ինչպես խնձորի ու կարտոֆիլի մեջ, կան օդում ու ջրում մգացող նյութեր։ Այդ նյութերն անհրաժեշտ է հեռացնել հյութից, հակառակ դեպքում շաքարը սև կստացվի։ Մաքրելու նպատակով հյութը խողովակներով մղում են վիթխարի բաքերի ու սարքերի մեջ, որոնց միջով անցնելուց հետո այն մաքրվում է ու դառնում թափանցիկ։ Այնուհետև հյութի ճանապարհն անցնում է մի շարք բարձր, սպիտակ աշտարակներով, որտեղ ավելորդ ջուրը գոլորշիանում է, հյութը' թանձրանում։ Այն մեկ անգամ էլ են մաքրում և վերջին, սպիտակ աշտարակում թանձր հյութին ավելացնում նուրբ շաքարափոշի, որի մանրահատիկներն աստիճանաբար աճում պատվում են շաքարահյութով առաջացնելով դեղնավուն բյուրեղիկներ։ Հատուկ մեքենաներում այդ բյուրեղիկները լվանում են, չորացնում, և շաքարավազը պատրաստ է։ Շաքարավազից պատրաստում են շաքար-ռաֆինադ («ռաֆինադ» նշանակում է «հատկապես լավ մաքրած»)։ Այդ նպատակով շաքարավազը նորից են լուծում, նորից մաքրում ու ստանում մեզ արդեն ծանոթ բյուրեղիկները։ Այնուհետև թաց, սպիտակ շաքարավազն անցնում է ավտոմատների մեջ, որտեղ բոլոր կողմերից սեղմվող շաքարավազը մամլվում ու վեր է ածվում շաքարի չորսուաձև կտորների։ Փոխակրիչի շարժվող ժապավենի վրա լցված այդ կտորները անցնում են վառարանի միջով, որտեղ չորանում ու ավելի են պնդանում։ Ապա դրանք մոտենում են հաստոցին, որը շաքարի չորսուները սղոցում ու բաժանում է հավասար մասերի, իսկ մեխանիկական ձեռքերը շաքար-ռաֆինադն արագորեն դարսում են տուփերի մեջ։
Շևչենկո Տարաս Գրիգորևիչ
Մանկուց Տարասը շատ վիշտ ու զրկանք է կրել։ Նա ծնվել է Ուկրաինայում, կալվածատեր էնգելգարդին պատկանող ճորտ գյուղացու ընտանիքում։ Տարաս Գրիգորևիչն ի ծնե արտակարգ ընդունակություններով օժտված մարդ էր։ Վաղ մանկության տարիներին արդեն դրսևորվեց նրա նկարչական տաղանդը