Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/43

Այս էջը հաստատված է

թոռներից մեկի տիրապետությանը: Սկսվում է ահեղ ճակատամարտը: Թշնամու զորքի մեջ ճանաչելով Բելին՝ Հայկը պինդ ձգում է լայնալիճ աղեղը և այնպես ուժգին է արձակում երեքթևյան նետը, որ այն ծակում անցնում է Բելի կուրծքը պաշտպանող զրահը և խրվում գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է գետնին, իսկ բաբելական բանակը փախուստի է դիմում:

Հաղթանակած Հայկը ճակատամարտի վայրը շենացնում է, դարձնում սքանչելի մի դաստակերտ և անվանում Հայք, որի անունով շրջակա գավառը կոչվեց Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որի վրա սպանվել էր Բելը, անվանում Գերեզմանք։

Հայկի սերունդներն իրենց կոչեցին Հայկի զավակներ՝ հայկազուններ, հայեր, իսկ իրենց երկիրը՝ Հայք, Հայաստան:

Ըստ այս ավանդազրույցի է ահա, որ Հայկը համարվում է մեր անվանադիր նախնին:

Մովսես Խորենացուց բացի, Հայկի մասին ավանդազրույցը գրի են առել նաև ուրիշ պատմիչներ։ Հայկը համարվել է ռազմի գերագույն աստվածը: Հայ ժողովուրդը նրա անունով է կոչել Օրիոն համաստեղությունը: «Աղեղնավոր», «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» մականուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է շիկակարմիր Հրահատ (Մարս) մոլորակին: Մի ավանդության մեջ ասվում է, որ Հայկը մեր առաջին տոմարադիրն է, այսինքն՝ ժամանակի, տարվա չափ ու շրջանը որոշողը, իսկ տարվա ամիսներն էլ, իբր, կոչվել են Հայկի ուստրերի ու դուստրերի անուններով:

Հայկական ժողովրդական պարեր

Այգեկութ է: Շուտով կսկսվի խաղողի բերքահավաքը: Կոլտնտեսային այգում բացված սեղանների շուրջ հավաքվել են բոլորը և, իհարկե, գյուղի ջահելները: Նրանց տրամադրությունը բարձր է, տոնական: Ահա լսվում է զուռնայի կանչը, նրան է միանում դհոլը, և ծայր է առնում պարը...

Հայկական ժողովրդական պարերը՝ պարում են ինչպես երգի (պարերգի) ուղեկցությամբ, այնպես էլ զուռնայի, դուդուկի, դհոլի, պարկապզուկի, պկուի, քամանի, դափի և այլ հայկական նվագարանների նվագակցությամբ: Պարում են խմբական պարեր, զուգապարեր և մենապարեր:

Խմբական պարի ժամանակ պարաշարքի առջևում թաշկինակը ձեռքին կամ առանց թաշկինակի պարում է պարավագը՝ պարը կառավարողն ու ոգեշնչողը: Նրա հետ կողք կողքի պարաքայլերի զարդարուն նախշերով պարում են մյուս մասնակիցները: Պարաշարքը մեկ շեշտվում է տեղում, ինչպես միաձույլ մի ժայռակտոր, մեկ էլ մեղմ շորորվում նուրբ խաղիկներով, մեկ փոթորկվում է ու ծառս լինում, մեկ էլ հանդարտվում է ու զուլալվում: Այս պարերը հմայում են պարիմաստի արտահայտման զարմանալի պարզությամբ ու դիպուկությամբ, հատու ռիթմով, միասնականության ոգով ու խոր հուզականությամբ: Միաժամանակ զարմանալ կարելի է, թե պարաշարքի համաչափ ընթացքի մեջ յուրաքանչյուր պարող, չխախտելով պարաքայլը, ինչպես է այն զարդարում իր անհատական շարժումներով:

Պակաս հմայիչ չեն զուգապարերն ու մենապարերը, որոնք կատարողներին հնարավորություն