արևմուտքում) Լեռնաշխարհն ընդգրկում է մի շարք ծալքավոր լեռներ, միջլեռնային իջվածքներ և հրաբխային բարձրավանդակներ: Հայկական լեռնաշխարհն ունի ավելի քան 600 մեծ ու փոքր հրաբխային կենտրոններ և երկրագնդի սեյսմաակտիվ շրջաններից է, այսինքն՝ հաճախակի են երկրաշարժերը: Վերջին 1500 տարում այստեղ տեղի է ունեցել 300-ից ավելի երկրաշարժ, որից միայն 21-ը՝ Երզնկա քաղաքում: Ցնցումների ուժը հասել է մինչև 9 բալի:
Լեռնաշխարհը հարուստ է օգտակար հանածոներով՝ ոսկով, պղնձով, մոլիբդենով, երկաթով, կապարով, ցինկով Քարային շինանյութերի մեծ շտեմարան է ունի տուֆի, բազալտի, մարմարի և պեռլիտի վիթխարի պաշարներ: Այստեղ կա հազարից ավելի հանքային աղբյուր: Մեծ հռչակ է վայելում նաև խմելու ջուրը:
Լեռնաշխարհում հերթագայվում են կլիմայական բոլոր գոտիները' մերձարևադարձայինից մինչև հավերժական ձյան ու սառույցի գոտին: Այդ պատճառով գիտնականներն ասում են, թե Հայկական Լեռնաշխարհում 400 երկրների կլիմա կա: Շատ արևոտ է, անարև օրերի թիվը կազմում է 15-80 օր: Հավերժական ձյունով են պատած Մասիս, Սիփան, Արագած և Նեմրութ լեռնագագաթները, որտեղ կան նաև սառցադաշտեր:
Լեռնաշխարհից սկիզբ են առնում Արածանի, Եփրատ, Տիգրիս, Արաքս, Կուր և Ճորոխ գետերը: Ունի 3 մեծ լիճ Ուրմիա (նաև Կապուտան կամ Թիլ, Իրանի տարածքում), Վանա (Տոսպա, Բզնունյաց, Ռշտունյաց կամ Արճեշի, այժմ՝ Թուրքիայի տարածքում), Սևանա (Գեղամա կամ Գեղար֊ քունյաց): Լեռնաշխարհում է Թորթումի ջրվեժը (Թուրքիայի տարածքում), որն աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից է:
Երկրագործական հազարամյա մշակման շնորհիվ այստեղ ձևավորվել են ոռոգովի բարձր բերքատու հողերի տիպեր:
Հարուստ և ինքնատիպ է Հայկական Լեռնաշխարհի բուսականությունը: Այստեղ աճում են միայն նրան բնորոշ ավելի քան 200 տեսակի բույսեր, որոնցից են արարատյան և Ուրարտուի ցորենները, հայկական արոսենին: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, սալվինիան, մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից բերված՝ եկվոր հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը: Անտառներում աճում են նշենի, տանձենի, պիստակենի, հացենի, բոխի, կաղնի, գիհի, հաճարենի և ուրիշ ծառատեսակներ :Բարձրալեռնային գոտիները հարուստ են մարգագետիններով:
Բազմազան է նաև Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը: Լեռներում բնակվում են վայրի ոչխարը, բեզոարյան այծը, չախկալը, ցածրադիր ու նախալեռնային շրջաններում և տափաստաններում՝ տափաստանային կատուն, ոզնին, լեռնային խլուրդը, փոքրասիական և լեռնային ճագարամկները, գյուրզան, լեռնային իժը, շահմարը: Թռչուններից տարածված են սևագլուխ կեռնեխը, դաշտային մկնորսը, մկնաբազեն, գորշ կաքավը, արտույտները, քարաթռչնիկները, շամբաճուռակն ու մորաճուռակը: Շատ են միջատները, մորեխներն ու սարդանմանները: Անտառներում բնակվում են այծյամը, վարազը, արջը, սկյուռը: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով նշանավոր են Սևանի իշխանը, Վանա տառեխը, գետային կարմրախայտը:
Հայկական Լեռնաշխարհն ունի ավելի քան 150 հզ տեղանուն Հայ ժողովրդի պատմությունն անխզելիորեն կապված է դրանց հետ