է նաև իր զգացմունքները՝ կարոտն ու վիշտը, սերը։ Եվ հովվական մեղեդիներն էլ ստացել են իրենց համապատասխան անունները՝ «Արոտի մեղեդի», «Հովվի կանչը», «Գառների պար», «Հովվի վիշտը»։
Հայկական փողային նվագարանների շարքում առանձնահատուկ տեղ ունի դուդուկը։ Նրա ջերմ, գեղեցիկ ձայներանգի շնորհիվ դուդուկահարների երգացանկում մեծ տեղ են գրավում հատկապես քնարական մեղեդիները։ Դուդուկն անսամբլային նվագարան է, երկու դուդուկահարներից մեկը վարում է հիմնական մեղեդին, իսկ մյուսը պահում է ձայնառությունը (դամը)։
Զիլ և հնչեղ ձայնի շնորհիվ պարկապզուկն ու զուռնան դարձել են ժողովրդական բազմաթիվ տոնակատարությունների, լարախաղացների ելույթների, հարսանիքի և այլ հանդիսությունների անբաժան ուղեկիցները։
Լարային խմբի կսմիթավոր նվագարաններից են բամբիռը, տավիղը, վինը, շեշթան, սազն ու թառը, քանոնն ու ուդը, իսկ աղեղնավորներից՝ քամանն ու քամանչան։ Լարային այս նվագարաններից շատերով նվագել են հայ գուսանական արվեստի հայտնի ներկայացուցիչներ Նաղաշ Հովնաթանն ու Սայաթ-Նովան, Ջիվանին ու Շերամը, Շիրինն ու Աշոտը և ուրիշներ։
Փողային և լարային նվագարաններով կատարում են թե՛ փոքրիկ պարերգեր և թե՛ ծավալուն մեղեդիներ։
Հարվածային գործիքներից են ծնծղան, դափը, նաղարան ու դհոլը, որոնք օգտագործվել են ինչպես զանազան ծիսակատարությունների, այնպես էլ ռազմերթերի ժամանակ։ Հատկապես տարածված են դափն ու դհոլը։ Դափը պատրաստում են ձկան, իսկ դհոլը ոչխարի կամ հորթի կաշվից։ Սրանք անսամբլային նվագարաններ են։ Դհոլը եռյակ է կազմում դուդուկի և զուռնայի հետ, իսկ դափը մտնում է լարային նվագարանների անսամբլի մեջ։ Հաճախ դափ խփողը նաև անսամբլի մեներգիչն է լինում։
Մեր հանրապետությունում գործում են հայկական ժողովրդական նվագարանների բազմաթիվ նվագախմբեր: Ժողովրդական նվագարանների նվագախմբի և մենակատարների համար ստեղծագործություններ են գրել սովետահայ շատ կոմպոզիտորներ։
Ժողովրդական նվագարաններ նվագել կարող եք սովորել նաև դուք՝ պիոներների պալատներում ու տներում, մշակույթի պալատներում գործող առանձին խմբակներում, ինչպես և երաժշտական դպրոցների համապատասխան դասարաններում։
Հայոց լեզու
«Հայոց լեզու, դու մեր անկողոպտելի գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը»,— այսպես է գրել Ա. Իսահակյանը հայոց լեզվի մասին, ապա ավելացրել՝ «Հայրենիքը լեզուն է»։ Բանաստեղծը գիտեր, որ առանց հայոց լեզվի չկա հայ ժողովուրդ, ուրեմն և Հայաստան։
Լեզուն, բանավոր թե գրավոր, այն գլխավոր միջոցն է, որով մարդիկ և սերունդները միմյանց հաղորդում են իրենց մտքերն ու զգացմունքները, կուտակած փորձն ու զանազան գիտելիքներ։ Ամեն ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն: Հայերիս մայրենի լեզուն հայոց լեզուն է։ Նրա շնորհիվ է, որ հայ ժողովուրդը, անցնելով հազարամյակների երկար ու ձիգ ճանապարհ, գոյատևում է նաև այսօր։
Հայերենն աշխարհի ամենահին լեզուերից է: Այն ծագել է Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի առաջացման հետ միասին։
Կան ցեղակից և ոչ ցեղակից լեզուներ։ Ցեղակից լեզուները կազմում են լեզվական առանձին ընտանիքներ։ Այն լեզվաընտանիքը, որի մեջ է մտնում հայերենը, կոչվում է հնդեվրոպական։ Այդ նույն լեզվաընտանիքին են պատկանում նաև հունարենը, լատիներենը, հնդկական, իրանական լեզուները, սլավոնական լեզուները, այդ թվում՝ ռուսերենը, ապա նաև՝ գերմաներենը, ֆրանսերենը, անգլերենը, իսպաներենը և այլն։
405 թ Մեսրոպ Մաշտոցը հայոց լեզվի համար տառեր ստեղծեց։ Մեսրոպ Մաշտոցը, հայ պատմիչներ Կորյունը, Եզնիկ Կողբացին, Մովսես Խորենացին, Եղիշեն և ուրիշներ գրքեր գրեցին, այլ լեզուներից թարգմանվեցին բազմաթիվ գործեր, այդ թվում՝ Աստվածաշունչը։ Սկիզբ առավ հայ գրականությունը, և ստեղծվեց հայոց առաջին գրական լեզուն, որը կոչվում է գրաբար։ Ահա մի նմուշ գրաբարից, որը Մեսրոպ Մաշտոցի ձեռքով գրված առաջին հայերեն նախադասությունն է. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Ժամանակակից հայերենով այն հնչում է այսպես. «Ճանաչել իմաստությունը և խրատը, հասկանալ հանճարի խոսքը»։ Գրաբարով գրվեցին հանճարեղ շատ գործեր, ինչպիսին են, օրինակ, Գրիգոր Նարեկացու և 12-րդ դարի հայ բանաստեղծ, երաժիշտ Ներսես Շնորհալու ստեղծագործությունները։ Գրաբարով են գրված մեր հին շատ ձեռագրեր: Մատենադարանում