Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/52

Այս էջը հաստատված է

պահպանենք այն։ Բայց լեզուն թանկագին իր չէ, որ ապահովության համար փակ պահենք։ Լեզուն պահպանվում ու հարստանում է գործածվելով։ Ուրեմն եկեք պահպանենք մեր հարազատ մայրենին անզուգական հայոց լեզուն, մտածենք, խոսենք, գրենք, կարդանք, արտասանենք, երգենք նրանով։

Հայրապետյան Հայրապետ Սարդարի

1874-1962

Ձեզ համար եմ ես գրել,
Իմ սիրելի մանուկներ,
Գրել եմ, որ դուք կարդաք,
Սիրեք ուսում, աշխատանք։

Այս տողերը պատկանում են անվանի մանկագիր Հայրապետ Հայրապետյանին, որն իր երկարամյա կյանքը նվիրեց մանուկների դաստիարակության գործին, մինչև վերջ մնաց նրանց սիրելի բարեկամն ու ուսուցիչը։

Հայրապետ Հայրապետյանը ծնվել է Տանակերտ գյուղում (այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում)։ Երկու տարի Զաքաթալա քաղաքի ծխական դպրոցում սովորելուց հետո նա ուսումը շարունակում է Թիֆլիսի (Թբիլիսիի) Ներսիսյան դպրոցում, որտեղ նրա ուսուցիչներից էին Պ․ Պռոշյանն ու Հ․ Հովհաննիսյանը: 1893 թ. նա ավարտում է դպրոցն ու իրեն նվիրում մանկավարժության։ Շուրջ քառասուն տարի Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող մի շարք հայաշատ քաղաքներում Հայրապետյանը հայ մանուկներին սովորեցնում է մեսրոպյան գիրը, սերմանելով նրանց մեջ գեղեցկի ու բարու զգացումներ։ Այդ տարիներին կուտակած փորձն էր, որ բազմահմուտ մանկավարժին օգնեց կազմելու մայրենի լեզվի մի շարք այբբենարաններ և ընթերցարաններ, որոնցով գրաճանաչություն ու ընթերցանություն են սովորել շատ սերունդներ։ Իր երախտաշատ գործունեության համար 1950 թ. Հայրապետյանն արժանացել է Հայկական ՍՍՀ-ի վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման։

Այնուհետև Հայրապետյանը քսաներկու տարի շարունակ աշխատել է «Պիոներ կանչի» խմբագրությունում: «Պիոներ կանչի» «պապիկ». այսպես էին նրան անվանում երեխաները։

Հ. Հայրապետյանը գրել սկսել է դեռևս Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին։ Նա գրել է մանկական գողտրիկ բանաստեղծություններ, հեքիաթներ, առակներ, պոեմներ, որոնցից շատերն առաջին անգամ տպագրվել են դեռևս «Հասկեր» ամսագրում: Հայրապետյանի համար ստեղծագործական ներշնչման մեծ աղբյուր էր բնությունը։ Նրա գրչի տակ լեզու առած խոսում են գարունն ու ձմեռը, ձնծաղիկն ու առվակը, թռչուններն ու անտառը։ «Ձնծաղիկ», «Գարուն», «Ծառատունկ», «Մայիս», «Անցա՜ն...», «Առվակն ու մանուշակը», «Աշուն», «Սիրուն գիշեր» և բազմաթիվ ուրիշ բանաստեղծություններ, գրված լինելով շատ տարիներ առաջ, իրենց անմիջականությամբ ու պարզությամբ, կենդանի ու պատկերավոր լեզվով այսօր էլ գրավում են մանուկներին։ Դրանց մի մասը ձեզ ծանոթ է ձեր դասագրքերից։ Սերը բնության հանդեպ Հայրապետյանն աշխատում է ներարկել նաև մատաղ սերնդին, ասես պատվիրում հոգատարությամբ պահպանել այն։ Այդպիսի պատվիրան չէ՞ միթե «Սարյակի տունը» բանաստեղծությունը, որը ձեզանից շատերն, անկասկած, անգիր գիտեն։

-Սարյակները մեր հերվան
Շուտով մեզ մոտ պիտի գան,
Բայց տնակը հնացած
Պետք չի գալու էլ նրանց
Կարե՛ն, արի միասին
Նոր տուն շինենք մի կարգին,
Թե չէ տեսնի տուն չկա,
Էլ մեր բակին մոտ չի գա։

                                        52