Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/56

Այս էջը հաստատված է

պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: Զորավարական մեծ հմտություն ցուցաբերեցին Հ․ Ք․ Բաղրամյանը, Հ․ Ս․ Իսակովը, Ս․ Ա․ Խուդյակովը, Հ․ Խ․ Բաբաջանյանը և մոտ 60 հայ գեներալներ։

Կանցնեն տարիներ, բայց երբեք չի մոռացվի սովետական ժողովրդի և Սովետական Միության փառապանծ Զինված ուժերի գործած սխրանքը։

Հայրենական մեծ պատերազմում ՍՍՀՄ-ի տարած հաղթանակը մարդկությունը փրկեց ֆաշիստական գերությունից։

Հայրենիք

Հայրենիք բառն առանձնապես թանկ է բոլորիս համար։ Հայրենիքը միայն այն վայրը չէ, ուր ծնվել ենք։ Այն մեր ողջ անծայրածիր, հիասքանչ երկիրն է` Սովետական Միությունը:

Մենք սիրում ենք մեր հայրենիքը, հպարտանում նրանով։ Մենք ապրում ենք մի երկրում, ուր աշխարհում առաջինը հաղթանակեց սոցիալիզմը, մի երկրում, որն առաջինն է հարթում կոմունիզմի ճանապարհը։ Մեր հայրենիքն արդարության ու եղբայրության երկիր է, այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդներն ազատ են և իրավահավասար։

Մեր հայրենիքը հզոր է ու հարուստ։ Նա ունի բարձր զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն, առաջավոր գիտություն և մշակույթ։

Ամբողջ աշխարհում մեծ է հետաքրքրությունը մեր հայրենիքի հանդեպ։ Մարդկանց գլխավորապես հետաքրքրում է մեր երկրի, մեր ժողովրդի կյանքը, նրա հաջողությունները, որոնք նա ձեռք է բերել Սովետական Միության կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ։

Սովետական մարդուց անբաժան է հայրենիքի զգացումը։ Պատահական չէ, որ մեր գիտակցության մեջ երկու բառեր միշտ իրար կողքի են՝ մայր հայրենիք։

Ծանր փորձությունների, ահեղ ճակատամարտերի օրերին սովետական մարդիկ մարտի էին գնում միասնական մի մտքով` «Հանուն հայրենիքի»: Իսկ խաղաղ օրերին հայրենիքին են նվիրված գործարաններում ու դաշտերում կատարվող աշխատանքային սխրագործությունները, գիտնականների քննախույզ միտքն ու արվեստի վարպետների ստեղծագործությունները։ Մեր հայրենիքը գովերգվել է ասքերում ու երգերում, փառաբանվել է գործերով։ Մենք երբեք չենք մոռանում նրա հերոսական անցյալի էջերը, նրա հերոսների ու ազատության մարտիկների, նրա հանճարեղ գործիչների անունները։ Մեր հայրենիքը Լենինի հայրենիքն է, Պուշկինի ու Ցիոլկովսկու, Շևչենկոյի ու Ռայնիսի, Թումանյանի, Սարյանի ու Խաչատրյանի հայրենիքը։ Եվ յուրաքանչյուր մարդ սեփական կյանքով ու գործով իր նպաստն է բերում հայրենիքի առաջընթացին։

Հայրենիքի նկատմամբ սերը կոչվում է հայրենասիրություն, իսկ հայրենիքը սիրող մարդը՝ հայրենասեր։ Կ․ Մարքսը, Ֆ․ էնգելսը, Վ․ Ի․ Լենինը ասել են, թե այն երկրռւմ, որտեղ իշխանությունը պատկանում է կապիտալիստներին ու կալվածատերերին, աշխատավորները չունեն իրենց հայրենիքը։ Որովհետև աշխատավորները իրավունքներ չունեն, նրանք ոչինչ չունեն և ստիպված են աշխատել։

Ինչի՞ց է սկսվում հայրենիքը.
Նկարներից քո այբբենարանի,
Ընկերներից քո մոտ ու բարի,
Որ ապրում են բակում կողքի։
 
Իսկ գուցե հայրենիքն սկսվում է
Մայրիկի երգած օրորներից,
Նրանից, որ ծանր փորձության պահին էլ
Ոչ ոք չի խլի մեզանից։
Մ․ Մատուսովսկի