կապիտալիստների համար, որոնք վայելում են նրանց աշխատանքի պտուղները և ապրում նրանց հաշվին։
Մեր երկրում գործարանները, ֆաբրիկաները, հանքահորերը, երկաթուղիները, դաշտերն ու անտառները՝ այս ամենը պատկանում է աշխատավոր ժողովրդին։
Դուք սովորում եք դպրոցում, ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի կարողանաք դառնալ կրթված, գիտակ մարդիկ։ Այդ ամենը ձեզ հայրենիքն է տվել։ Երբ ավարտեք դպրոցը, կարող եք աշխատել, սովորել և արձակուրդի ժամանակ հանգստանալ այնտեղ, ուր ձեզ դուր է գալիս, որովհետև ՍՍՀՄ-ի յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի, կրթության, հանգստի, ինչպես նաև շատ ուրիշ կարևոր իրավունքներ։
Ձեր պապերն ու նախապապերն են նվաճել այդ իրավունքները, նրանք են նվաճել սովետական իշխանությունը և պաշտպանել այն թշնամու դեմ մղած պայքարում։ Ձեր պապերը, հայրերն ու մայրերը մեր հայրենիքը դարձրել են հարուստ ու երջանիկ։ Այսօր նրանք ձեր ավագ եղբայրների ու քույրերի հետ կառուցում են զարգացած սոցիալիզմի հասարակարգ։
Դուք, որ կոմունիզմի ապագա կառուցողներն եք, մեր երկիրը կդարձնեք էլ ավելի հարուստ ու գեղեցիկ։ Պատրաստ եղեք աշխատելու ի բարօրություն ձեր հայրենիքի, իսկ հարկ եղած դեպքում նաև զենքը ձեռքին պաշտպանելու այն։ Սիրեցեք հայրենիքն այնպես, ինչպես նա է սիրում ձեզ։
Հանդեսներ և թերթեր
Ամեն առավոտ, ցանկացած եղանակի, ամենքի տուն էլ թարմ թերթեր են հասնում։ Տեսնենք, հապա, ի՞նչ նորություններ կան։ Բացում ենք թերթը և իսկույն իմանում, թե ինչ է տեղի ունեցել մեր մեծ հայրենիքում և ուրիշ երկրներում` որտեղ են հանքաքար գտել, գործարան կառուցել, ինչ հայտնագործություններ են կատարել գիտնականները, ինչպիսի ռեկորդներ են սահմանել մարզիկները, ինչպես են ողջ երկրագնդի մարդիկ պայքարում աշխարհի խաղաղության համար։ Թերթի հետ միասին մեզ հյուր են գալիս հրաշալի շատ մարդիկ։ Թերթում տպված են նրանց լուսանկարները, պատմվում է նրանց աշխատանքային սխրանքների մասին։
Ինչպե՞ս է թերթն այդքան շուտ իմանում նորությունները։ Աշխարհի բոլոր անկյուններում նա իր թղթակիցներն ունի, որոնք ուշադիր հետևում են կյանքին և ամենահետաքրքրական իրադարձությունների մասին անհապաղ հաղորդում թերթին։ Ռադիոյով, հեռախոսով, հեռագրով խմբագրություն են հասնում նորությունները, իսկ հաջորդ օրը դրանց մասին թերթը պատմում է իր ընթերցողներին։
Ձեր ձեռքին է թերթի թարմ համարը։ Ձեզ հետ միասին թերթի ճիշտ նույն համարը կարդում են միլիոնավոր մարդիկ, որովհետև թերթը տպագրվել է բազում օրինակներով, հսկայական տպաքանակով։ Այն տպագրում են տպարանում մեքենաներով։
Թերթն ստեղծում են հարյուրավոր մարդիկ՝ թղթակիցներ, խմբագիրներ, գրաշարներ, տպագրիչներ, նաև նրանք, ովքեր թերթի համար թուղթ, տպագրական ներկ, գրաշարական և տպագրական մեքենաներ են արտադրում։ Պատրաստի թերթը երկրի տարբեր ծայրերն է հասցվում ավտոմեքենաներով, գնացքներով, ինքնաթիռներով, շոգենավերով։
Մեր երկրում տպագրվում են զանազան թերթեր։ Կենտրոնական թերթերից են «Պրավդան», «Իզվեստիան», «Տրուդը»։ Մեր հանրապետությունում լույս են տեսնում «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» և այլ թերթեր, որոնք կարելի է ամեն մեկի տանն էլ տեսնել։ Կոմերիտականներն ունեն իրենց թերթը՝ Մոսկվայում հրատարակվող «Կոմսոմոլսկայա պրավդան», մեր հանրապետությունում՝ «Ավանգարդը», «Կոմսոմոլեցը», պիոներները իրենցը՝ «Պիոներսկայա պրավդան» կամ մեր «Պիոներ կանչը»։ Երկաթուղայինները, ուսուցիչները, բժիշկները, կոլտնտեսականները, սովետական բոլոր մարդիկ թերթերի էջերում քննարկում են կարևոր հարցեր, բանավիճում։ Իսկ հետո թերթում հայտնվում են փոքրիկ հոդվածներ «Թերթն օգնեց», «Մի ելույթի հետքերով» խորագրերով։
Հանդեսն արտաքին տեսքով նման է գրքի։ Միանգամից չես էլ հասցնի ընթերցել այնտեղ տպագրված ակնարկներն ու հոդվածները, պատմվածքներն ու բանաստեղծությունները։ Ինչ հանդես ասես, որ չկա։ Բազմաթիվ հանդեսներ են նվիրված գիտությանն ու տեխնիկային, քաղաքականությանը, գրականությանը, լեզվին, արվեստին, պատմությանը, փիլիսոփայությանը։ Հանդեսներ կան, որ հրատարակվում են փոքր տպաքանակով, որովհետև դրանք