նվիրված են այնպիսի հարցերի, որոնցով զբաղվում են միայն մասնագետները: Իսկ «Ռաբոտնիցա» ամսագիրն, օրինակ, տպագրվում է մի քանի միլիոն տպաքանակով:
Մի քանի միլիոն տպաքանակ ունեն նաև «Օգոնյոկ», «Կրոկոդիլ», «Յունոստ», «Նաուկա ի ժիզն» հանդեսները, որոնք բոլորն էլ լույս են տեսնում Մոսկվայում՛ Բայց չէ որ հանդեսի ամեն մի համար կարդում է ոչ թե մեկ, այլ առնվազն հինգ-տաս մարդ Հաշվեցեք, ուրեմն, թե որքա՜ն մարդ է հանդեսներ կարդում:
Մեր երկրում բազմաթիվ հանդեսներ են հրատարակվում հատկապես երեխաների համար: Նախադպրոցականների համար են նախատեսված «Վեսյոլիե կարտինկին», «Կոլոբոկը», հոկտեմբերիկների համար՝ «Մուրզիլկան», պիոներների համար՝ «Պիոները», «Կոստյորը», տեխնիկայի սիրահարների համար՝ «Յունի տեխնիկը», «Մոդելիստ-կոնստրուկտորը», բնության սիրահարների համար՝ «Յունի նատուրալիստը»: Սրանք բոլորը մոսկովյան հրատարակություններ են: Մանկական հանդեսներ են լույս տեսնում նաև բոլոր հանրապետություններում, երկրամասերում ու մարզերում: Մեր հանրապետությունում ձեզ համար հրատարակվում են «Ծիծեռնակ» և «Պիոներ» հանդեսները:
Ամեն տարվա օգոստոսի մեկին մեր բոլոր փոստային բաժանմունքներում կարելի է տեսնել մի ստվար գիրք, որտեղ մանր տառերով տպագրված են հարյուրավոր թերթերի ու հանդեսների անուններ: Այդ գրքով դուք կարող եք ընտրել ձեր ցանկացած հանդեսն ու թերթը
Հանելուկ
Սպիտակ արտ, սև ցորեն,
Ձեռքով ցանեմ, աչքով հնձեմ:
Սա հանելուկ է, որի իմաստը պետք է «հանել», գտնել, գուշակել: Սպիտակ արտը թուղթն է, սև ցորենը՝ գիրը, ձեռքով ցանելը՝ գրելը, իսկ աչքով հնձելը՝ կարդալը: Ուրեմն, հանելուկը մեկ կամ մի քանի առարկայի կամ երևույթի այլաբանական պատկեր է, արտահայտված բոլորովին ուրիշ առարկաներով կամ երևույթներով: Հանելուկներն արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողերից բաղկացած բանաստեղծական գեղեցիկ պատկերներ են, որ «Ի՞նչն է», «Այն ի՞նչն է, ի՞նչը», «Ի՞նչն է, որ» հարցերով մի անձն առաջադրում է մյուսին:
Գուշակեցեք, թե ինչ հանելուկներ է պատկերել նկարիչը:
Ո՞վ է անձայն
Մեզ հետ խոսում,
Մեր բերանով
Մեզ բան ասում:
- (Գիրք)
Ունեմ երկու փայտե ձի՝
Առանց պայտի ու սանձի:
Արշավում է ձմռանը,
Հանգստանում ամռանը:
- (Դահուկներ)
Թռչում է, թռչուն չէ,
Փոքրիկ է, մրջյուն չէ,
Աշխատում է օրնիբուն,
Բերքը տալիս է մարդուն
- (Մեղու)
Սարից գցեմ, սար չի:
Քարից գցեմ, քար չի:
Կրկրում է կաքավ չի,
Ձու է ածում՝ հավ չի:
- (Կրիա)
Անձրևը մայրն է,
Արևը հայրն է,
Երկնակամարն իր
Զբոսավայրն է:
- (Ծիածան)