Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/60

Այս էջը հաստատված է

Հապա ասացեք, այն ի՞նչն է, ի՞նչը. «Ձին ձորում թամքեցին, սանձը երկինք հանեցին»: Մի փոքր մտածելուց հետո դուք անպայման կգտնեք այս հանելուկի պատասխանը՝ թոնիրը, կրակը, ծուխը:

Բնության գաղտնիքները բացահայտելու համար մարդիկ ձգտել են մարզել ու զարգացնել իրենց միտքը: Այս նույն նպատակով էլ, դեռ շատ վաղուց, հանելուկներ են առաջադրել նաև մանուկներին: Չէ՞ որ հանելուկը որևէ առարկայի կամ երևույթի թեկուզ ոչ լրիվ, բայց ճշգրիտ նկարագրությունն է:

Հին ժամանակներում հանելուկը մեծ նշանակություն է ունեցել մեծահասակների կյանքում: Երբ պատանին հասունանում էր և պետք է երիտասարդական շրջանի մեջ մտներ, տարեց մարդիկ նրա մտավոր հասունությունն ստուգում էին հանելուկներով: Նույն կերպ հարսնացուն փորձում էր փեսացուին, որը պարտավոր էր ամուսնությունից առաջ լուծել իրեն առաջացրած հանելուկները:

Առասպելական զրույցներում և հեքիաթներում պատմվում է այնպիսի հրեշների մասին, որոնք հերոսներին ամենախրթին հանելուկներ էին առաջարկում և չլուծելու դեպքում սպանում նրանց: Ըստ հին հունական հանրահայտ առասպելի Սֆինքսը՝ թևավոր առյուծի մարմնով և կանացի գլխով հրեշը, հանելուկ էր առաջարկում անցորդներին և, քանի որ ոչ ոք չէր կարողանում լուծել, բոլորին անխտիր սպանում էր: Գալիս է Թեբեի արքա Էդիպոսը: Սֆինքսն առաջարկում է հետևյալ հանելուկը «Ով է, որ առավոտյան չորս ոտի վրա է, կեսօրին՝ երկու, երեկոյան՝ երեք»: Էդիպոսը պատասխանում է «Մարդն է՝ երեխա ժամանակ չորեքթաթ տվող, երիտասարդ ժամանակ զույգ ոտքով քայլող, ծերացած տարիքում ձեռնափայտով շարժվող»: Պարտված Սֆինքսը ժայռից անդունդն է գլորվում և կործանվում:

Զույգ անձնավորությունների միջև հանելուկներով մղվող մրցավեճի հնամյա սովորույթը երկար ժամանակ պահպանվում էր ժողովրդական երգիչների՝ աշուղների մրցահանդեսներում:

Հանելուկը հին ժամանակներից սիրված ու տարածված է եղել ժողովրդական բանահյուսության մեջ, որից էլ դեռ հնում փոխանցվել է գեղարվեստական գրականությանը: Տարբեր բովանդակությամբ հանելուկներ են գրել հայ գրողներն ու բանաստեղծները: Նշանավոր են եղել Անանիա Շիրակացին և, հատկապես, 12-րդ դարի բանաստեղծ, երաժիշտ և հասարակական գործիչ Ներսես Շնորհալին, որն ստեղծել է հարյուրավոր գեղեցիկ հանելուկներ՝ նվիրված ամենատարբեր առարկաների ու երևույթների: Մեր օրերում հանելուկներ են հորինում մանկական շատ գրողներ:

Մարդն առաջվա պես շրջապատված է բնության մեծագույն առեղծվածներով: Եվ դրանք ամենից հեշտ ու սրամիտ կլուծի նա, ով մանկուց վարժվում է չընկրկել հանելուկներից և գտնել դրանց պատասխանները:

Հանքահոր

Լեռան փեշին փռվել է խնամքով կառուցված, մաքուր բանավանը: Հարմարավետ, սպիտակ տնակները թաղված են կանաչի մեջ: Ուղիղ փողոցների երկայնքով ծառեր են աճում: Իսկ ավանի տակ, գետնի խորքում, ողջ մի քաղաք է թաքնված՝ ստորգետնյա փողոցներով, հրապարակներով ու նրբանցքներով: Այս ստորգետնյա քաղաքն անվանում են հանքահոր, հանքահորում արդյունահանում են քարածուխ, թերթաքար, արժեքավոր մետաղներ պարունակող հանքաքար և այլ օգտակար հանածոներ:

Վիթխարի ջրհորի նման դեպի Երկրի ընդերքն է իջնում հանքափողը, որով հատուկ վերհանով՝ ամբարձավանդակով, վեր են բարձրացնում արդյունահանված ածուխը ձանքափողով անցնում են խողովակներ ու էլեկտրալարեր, նրանով նաև թարմ օդ է մղվում հանքահոր: Մարդիկ նույնպես հանքահոր են իջնում հանքափողով հանքափորների հետ մենք էլ մտնենք ամբարձավանդակ:

Ամբարձավանդակը սլանում է ցած. դանդաղ իջնելը շատ երկար կտևեր:

Վերջապես մենք ներքևում ենք: Դուրս ենք գալիս պայծառ լուսավորված հրապարակ: Այստեղից սկիզբ է առնում ստորգետնյա մի փողոց՝ բետոնապատ թունելը, որի երկայնքով ռելսեր են ձգված: Թունելից տարբեր ուղղություններով բացվում են նորանոր հանքամիջանցբներ՝ շտրեկներ, որոնցով դեպի հանքափող են շարժվում ածխով բեռնված ինքնաշարժ վագոնիկները:

Որտեղի՞ց է գալիս այդ ածուխը եթե դուք շտրեկով առաջ շարժվեք, կհասնեք հանքախորշ: Ածուխը հենց այդտեղ են փորում հանում: Հանքափողն ու շրջակայքի