Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/79

Այս էջը հաստատված է

ինչ անում են մեքենաները, և նրանց աշխատանքն արդեն կարգավորում են ոչ թե հին վարպետի փորձն ու իմացությունը, այլ խելացի սարքերը:

Աշխարհում հացի առաջին ավտոմատ գործարանները կառուցվել են Սովետական Միությունում, մոտ քառասուն տարի առաջ: Հացի ավտոմատ գործարանը դրսից մի մեծ, կլոր շենք է, իսկ ներսից նման է բազմահարկ կարուսելի: Հացի արտադրությունն սկսվում է գործարանի ամենավերին հարկում: Այստեղ ալյուրը մաղում ու մաքրում են, ավելացնում թթխմոր, աղի ու շաքարի լուծույթներ: Մի հարկ ներքև, մեծ սրահում, շրջանաձև պտտվում են խմորով լի վիթխարի թասերը:

Երբ խմորը հասունանում է, իջնում է ևս մի հարկ, ուր հատուկ մեքենաներն այն բաժանում են առանձին կտորների և դրանց որոշակի ձև տալիս: Ապագա հացերը որոշ ժամանակ մնում են կոնվեյերի քաթանե «ճոճերում», որտեղ շարունակվում է հասունացման պրոցեսը, ապա շարժվում են ավելի ցած և մտնում վառարան: Պատրաստի հացերը փոխակրիչով իջնում են ամենաներքևի հարկը, ուր նրանց արդեն սպասում են «Հաց» մակագրությամբ ավտոմեքենաները:

Մենք պատմեցինք շրջանաձև կոնվեյերի սկզբունքով կառուցված գործարանի մասին: Հետագայում ՍՍՀՄ-ում կառուցվեցին հացի էլ ավելի կատարյալ ավտոմատ գործարաններ:

Ժողովրդական բարիքին` հացին են նվիրված հետևյալ գրքերը`
Խաչատրյան Հ., Հացապատում, Ե., «Սովետական գրող», 1984:
Елизаветин Г. В. Всему голова, М., «Дет. лит.», 1967.


Հեծանիվ

Օրերից մի օր պատանի մի մարզիկ պարծեցավ, որ ինքը կարող է «ինքնագլոր», «ոսկրացունց», «սարդ» և հեծանիվ քշել: Կարելի էր կարծել, թե նա կարողանում է վարել չորս տարբեր մեքենաներ, որոնցից երեքը դժվար էր անգամ պատկերացնելը: Բայց պարզվեց, որ պատանին նկատի ուներ նույն մեքենան՝ սովորական հեծանիվը, որը տարբեր ժամանակ տարբեր կառուցվածք ու տեսք է ունեցել և ամեն անգամ կոչվել նոր անունով:

Ռուսաստանում առաջին երկանիվ հեծանիվը պատրաստել է ճորտ վարպետ Արտամոնովը: Այն կոչվում էր «ինքնագլոր» և իրոք որ ինքն իրեն գլորվում էր, եթե, իհարկե, նրա վրա նստած մարդը պտտում էր առջևի մեծ անիվին ամրացված ոտնակները:

Միաժամանակ հեծանիվներ էին հորինվում եվրոպական մի շարք երկրներում: Դրանցից էր, օրինակ, ամրության համար երկաթե օղագոտիներով եզերված փայտե երկու միաչափ անիվներով մեծ ու ծանր հեծանիվը: Թե ինչպես էր իրեն զգում նրանով երթևեկող մարդը, կարելի է կռահել մեքենայի անունից` «ոսկրացունց», այսինքն` «ոսկորներ ցնցող»:

«Ոսկրացունցն» իր տեղը զիջեց «սարդին»: Սրա անիվները մետաղից էին, ընդ