Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/107

Այս էջը հաստատված է

կրթությունն ստանալուց հետո Սիմակն ուսումը շարունակում է Թիֆլիսի (Թբիլիսի) Ներսիսյան դպրոցում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում՝ աշակերտելով առաջադեմ մանկավարժների և մշակութային ականավոր գործիչների: Այնուհետև նա երկու տասնամյակ` 1901—1921 թվականներին, ուսուցիչ է աշխատում Ներսիսյան դպրոցում: Այդ տարիներին էր, որ նա մուտք գործեց հեղափոխական պայքարի ասպարեզ:

1915 թ. Սիմակն անդամագրվեց բոլշևիկյան կուսակցությանը: Նա ելույթներ էր ունենում աշխատավորության առջև, քաղաքական աշխատանք տանում երկաթուղային և գործարանային բանվորների շրջանում, թարգմանում ու գրում հեղափոխական թռուցիկներ: Ստ. Շահումյանի, Ա. Մռավյանի և հեղափոխական այլ գործիչների հետ իր թղթակցություններով ակտիվորեն մասնակցում էր բոլշևիկյան ընդհատակյա թերթերի հրատարակմանը:

1921 թ., երբ Հայաստանում նոր էին հաստատվել սովետական կարգեր, և երիտասարդ հանրապետությունը խիստ կարիք ուներ գիտնականների, բժիշկների, շինարարների, ուսուցիչների, Սիմակը Թիֆլիսից գալիս է Սովետական Հայաստան և վարում Լոռի-Փամբակ գավառի ժողկրթության բաժինը, միաժամանակ խմբագրում «Կարմիր լոռի» թերթը: Այնուհետև տեղափոխվելով Երևան՝ աշխատում է լուսժողկոմատում, դասավանդում մի շարք բուհերում, դպրոցներում, խմբագրում «Սովետական մանկավարժ» ամսագիրը:

Մանկավարժական աշխատանքին զուգընթաց՝ Սիմակ Սահակյանը գրել է պատմվածքներ, որոնք տպագրվել են «Աղբյուր», «Հասկեր», «Պիոներ» և այլ պարբերականներում, զետեղվել դպրոցական դասագրքերում, իսկ հետագայում լույս տեսել «Հասկեր» և «Աղբյուր» խորագրերը կրող ժողովածուներով: Սիմակը թարգմանել է մի շարք ռուս գրողների ստեղծագործություններ: Նա մտերիմ էր Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Խնկո Ապոր և ուրիշ գրողների հետ, որոնց մասին հետագայում ջերմ հուշեր է գրել: Սիմակը կազմել է մայրենի լեզվի դասագրքեր և գրականության քրեստոմատիաներ: Նա միշտ սրտագին կապեր էր պահպանում պիոներների և դպրոցականների հետ, մասնակցում նրանց հանդիսավոր հավաքներին, այցելում դպրոցները, սրտաբաց զրույցներ ունենում երեխաների հետ, հորդորում նրանց լավ սովորել, սիրել աշխատանքը, դառնալ իսկական հայրենասերներ: Նրա անունով է կոչվում Երևանի № 73 դպրոցը:

Սիմակ Սահակյանը մեծ վաստակ ունի նաև կուսակցական-պետական աշխատանքի բնագավառում: Երկար տարիներ նա եղել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետիի Նախագաության նախագահի տեղակալ, իսկ 1944 թվականից մինչև կյանքի վերջը՝ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահ: Վարել է նաև այլ կարևոր պետական պաշտոններ:

Մանկավարժական, կուսակցական, հասարակական բեղմնավոր աշխատանքի համար Սիմակ Սահակյանը պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով:

Սահմանապահ

Վաթսուն հազար կմ երկարությամբ ձգվել է ՍՍՀՄ-ի սահմանը: Այն անցնում է հարթավայրերով ու լեռնաշղթաներով, գետերով ու ծովերով: Տոն լինի, թե աշխատանքային օր, արև լինի, թե անձրև կամ բուք, զօր ու գիշեր մեր հայրենիքի սահմանները պահպանում են նրա հավատարիմ որդիները՝ սահմանապահները: Եվ եթե դուք փողոցում հանդիպեք կանաչ գլխարկով, կանաչ ուսադիրներին ПВ ոսկեգույն տառերով զինվորի, իմացեք, որ նա