Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/12

Այս էջը հաստատված է

Ուժեղ, համարձակ, ճարպիկ դառնալու գործում կօգնեն նաև «Ոսկե տափողակ», «Կաշվե գնդակ», «Նեպտուն», «Հուսո մեկնարկ», «Թռչող գնդակ», «Արծաթե չմուշկներ» մրցանակների համար անցկացվող, մեր երկրի երեխաների սերը վայելող մրցաշարերը:

Պաստյոր Լուի

(1822—1895)

Նա շատ տաղանդավոր մարդ էր, հրապուրվում էր քիմիայով և 27 տարեկան հասակում արդեն պրոֆեսոր էր: Նրա ուսումնասիրություններն ու հայտնագործությունները հիացնում էին գիտնականներին: Եվ ոչ ոք չէր էլ կռահում, որ շուտով նա թողնելու է քիմիան և հետազոտություններ է կատարելու միանգամայն այլ բնագավառում:

Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Պաստյորը գրեթե 35 տարեկան էր: Ֆրանսիացի գինեգործները պատուհասի մեջ էին: Այն գուռերում, ուր խաղողի հյութն էր խմորվում, սպիրտի փոխարեն հանկարծ սկսել էր պղտոր հեղուկ գոյանալ: Նրանք դիմեցին Պաստյորին և խնդրեցին պարզել դրա պատճառը:

Մանրադիտակով ուսումնասիրելով այդ հեղուկը՝ Պաստյորը շաքարի խմորում առաջացնող և շաքարը սպիրտի փոխակերպող փոքրիկ խմորասնկերի փոխարեն այնտեղ ինչ–որ կենդանի, ձողիկանման էակներ տեսավ: Եվ նա հասացավ, որ գինեգործներին սնանկացնում են հենց այդ կենդանի ձողիկները՝ խմորասնկերը ոչնչացնող նենգ բակտերիաները:

Պաստյորը որոշեց ուսումնասիրել մանրէները, այդ թվում և բակտերիաները: Հնարավոր է, ենթադրում էր նա, որ անվնաս տեսքով այդ էակներից շատերը, թափանցելով մարդկանց ու կենդանիների օրգանիզմ, վարակիչ հիվանդություններ են հարուցում, տառապանք ու մահ սփռում: Այդ ենթադրությունը նա հաստացեց փորձերով: Իր հետագա ողջ կյանքը Պաստյորը նվիրեց վարակիչ հիվանդություններ հարուցող միկրոօրգանիզմների ուսումնասիրությանը և նրանց դեմ պայքարի միջոցների որոնմանը:

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու հուսալի միջոցներից մեկը, որ կիրառում էր Պաստյորը, պատվաստումներն են: Երբ մարդուն (կամ կենդանուն) պատվաստում են կատարում, այսինքն՝ նրա օրգանիզմ են ներարկում վարակիչ հիվանդություն հարուցող թուլացված մանրէներ, նա չի հիվանդանում կամ թեթև է հիվանդանում և հետագայում այդ հիվանդության նկատմամբ անընկալունակ է դառնում:

Ախտածին մանրէների դեմ մղած պայքարում Պաստյորն ընթանում էր չուսումնասիրված, վտանգավոր ճանապարհներով, և նրա մեծագույն հաղթանակը եղավ պատվաստաշիճուկների ստեղծումն այնպիսի ահավոր հիվանդությունների դեմ, ինչպես սիբիրախտն ու կատաղությունը: Պաստյորի աշակերտներն ու հետևորդները պատվաստաշիճուկներ ստեղծեցին ուրիշ շատ հիվանդությունների դեմ:

Ռուսաստանում ականավոր գիտնական Իլյա Իլյիչ Մեչնիկովը 1886 թ. ստեղծեց պատվաստումների օգնությամբ վարակիչ հիվանդությունների դեմ մղվող պայքարի ռուսական առաջին բակտերիոլոգիական կայանը:

Պաստյորն ուսումնասիրել է նաև խմորման պրոցեսը: Նա առաջարկել է սննդամթերքը փչանալուց պահպանել՝ այն 15-30 րոպե մինչև 60-70 աստիճան տաքացնելու միջոցով (հետագայում այդ եղանակը նրա անունով կոչվեց պաստերացում): Այդպիսի ջերմային մշակման դեպքում կաթի, գինու, գարեջրի և մի շարք այլ մթերքների մեջ եղած մանրէները ոչնչանում են: Պաստերացումը կիրառվում է սննդի արդյունաբերության մեջ: