էգ թռչունից: Թեև կեր հայթայթում են նաև մարդկանց բնակավայրերին մոտ ընկած վայրերում, բայց բնադրում են նրանցից հեռու, քարակույտերի մեջ, ժայռերի ծերպերում: Վարդագույն սարյակի բնադրման գաղութներ կան Արագածի, Գեղամա լեռների քարքարոտ լանջերին: Սրանք իրենց բույնը պատրաստում են չոր խոտերից, ածում 4...6 երկնագույն ձու, հունիսի երկրորդ կեսին դուրս են գալիս ձագերը:
Ե'վ սովորական, և վարդագույն սարյակները սնվում են, հիմնականում, միջատներով, ուտում են նաև զանազան պտուղներ ու հատապտուղներ: Վարդագույն սարյակը հաճույքով սնվում է թթով: Դրա համար էլ նրանց մեծ երամների կարելի է հանդիպել Արարատյան դաշտում, ուր շատ տարածված է թթենին:
Այս երկու սարյակներն էլ շատ օգտակար թռչուններ են. նրանք ոչնչացնում են բազմաթիվ վնասատու միջատների: Վարդագույն սարյակները հաճախ բնադրում են այն վայրերում, ուր նկատվում են ցանքատարածությունները ոչնչացնող մորեխների մեծ կուտակումներ, և տեղանքն իսպառ մաքրում են դրանցից: Հարկավոր է ամեն կերպ հոգ տանել մարդկանց բարեկամ այդ թռչուններին պահպանելու համար:
Սարյան Գեղամ Բաղդասարի
1900 — 1976
Գեղամ Սարյանը հայ անվանի բանաստեղծներից է: Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Հայրը դերձակ էր, համեստ վաստակի տեր մարդ, ուստի շատ բան չէր կարող անել իր զավակների ուսման համար: Ապագա գրողն ընդունվում է ծննդավայրի Կենտրոնական թեմական միջնակարգ դպրոցը: Դեռ դպրոցական նստարանից նա հափշտակությամբ կարդում էր Պ. Դուրյանի, Վ. Տերյանի, Հ. Թումանյանի, պարսից մեծ բանաստեղծներ Ֆիրդուսու, Օմար Խայամի, Սաադիի, Հաֆեզի ստեղծագործությունները: Թեմական դպրոցն ավարտելուց հետո Սարյանը մի երկու տարի ուսուցչություն է անում Պարսկաստանի հեռավոր գյուղերից մեկում. այդ ժամանակ էլ գրում իր առաջին, տխրությամբ ու թախիծով համակված բանաստեղծությունները:
1922 թ. Սարյանը մշտական բնակություն է հաստատում Սովետական Հայաստանում: Բանաստեղծի քնարը հարստանում է նոր, պայծառ գույներով: Վերածնվող հայրենիքի զարթոնքն ու ժողովրդի հոգեկան ուժերի ծաղկումը խանդավառում են նրան:
Հազար շեփոր հնչեն թող
Այս առավոտ,
Հազար թմբուկ խփեն թող
Այս առավոտ,
Լույսի հեղեղ, լույսի տոն է
Խնդություն,
Հազար շեփոր հնչեն թող
Այս առավոտ:
Հայրենասիրական մեծ պատերազմի տարիներին բանաստեղծը փառաբանեց սովետական ռազմիկների հերոսությունն ու կամքը, հաղթանակի հավատը: Պատերազմը մահ է, ավեր, արյուն ու տառապանք: Այն խլում է մարդկային բազում կյանքեր, հայրենի հողը զրկում իր արդար սերմնացաններից: Նրանց սպասող բանաստեղծը գրում է իր լավագույն բանաստեղծություններից մեկը` «Հոգնած նայում եմ ես ճամփաներին...», ուր խորապես ապրում է իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած ռազմիկների հիշատակի ցավը: Իսկ ահա «Սերմնացանները» բանաստեղծությունը ողողված է պայծառ ու լուսավոր տրամադրությամբ հայրենի դաշտի