Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/124

Այս էջը հաստատված է

նոր սերմնացաններն իրենց նետած «լույսի շողը» ժառանգել են այն մարտիկներից, որոնք նահատակվեցին, որպեսզի հայրենի հողը հավետ կանաչ մնա:

Մեծարժեք գործեր են Գ. Սարյանի նաև «Գյուլնարա», «Մարմարակերտ գեղուհին» բալլադները, «Փառքի տաճարը», «Դեպի կառափնարան», «Լուսանկարը» և այլ պոեմները: Նա մի տասնյակի չափ ուրախ ու գողտրիկ ոտանավորներ է գրել նաև փոքրիկ ընթերցողների համար:

Նշանակալից է Գ. Սարյանի ավանդը ուկրանիական մեծ կոբզարի՝ Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունները հայերեն հնչեցնելու գործում: Թարգմանել է նաև ռուս, վրացի, արտասահմանյան մի շարք գրողների գործեր:

Սարյանի հուզական, ջերմ ու մտերմիկ բազմաթիվ բանաստեղծություններ վերածվել են երգի ու մնայուն տեղ գրավել հայ երգացանկում:

Սարյան Մարտիրոս Սարգիս

(1880—1972)

Մարտիրոս Սարյանը 20–րդ դարի խոշորագույն նկարիչներից է: Նրա արվեստը բարձր է գնահատվել աշխարհի շատ երկրներում: Նրա մասին իրավամբ ասել են. «Հայաստանը ճանաչվում է Սարյանի վրձնով, Սարյանը՝ Հայաստանով»: Ժողովուրդը նրան վարպետ է կոչել: Նրա անունն արտասանելիս մեր հայացքի առջև ծնվում են պայծառ ու կենսուրախ գույներ, հայրենի բնության արևաշող տեսարաններ: Ինչպե՞ս է ծնվել ու ի՞նչ է պատգամում սարյանական գունաշխարհը:


Տասնվեցամյա պատանի էր Մարտիրոսը, երբ ծննդավայր Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի տարածքում) հանրակրթական երկլեզվյան ուսումնարանն ավարտելուց հետո 1896 թ. մեկնեց Մոսկվա և 1897—1904 թվականներին սովորեց Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում: Նրա ուսուցիչներից էին ռուս ականավոր նկարիչներ Կ. Ա. Կորովինը, Վ. Ա. Սերովը: 1901 թ. Սարյանը որոշում է ճամփորդել և առաջին հերթին տեսնել իր նախնիների երկիրը՝ Հայաստանը, Մասիսը, Էջմիածինը, Սևանա լիճը, որոնց մասին հեքիաթային պատմություններ էր լսել ծնողներից, Անին, որտեղից սերում էր իրենց տոհմը:

Երիտասարդ նկարիչը հափշտակվում է հայրենի բնաշխարհով և ուսման հաջորդ տարիների ամռան ամիսները կրկին անցկացնում Հայաստանում: Շփումը մայր երկրի հետ կոփում է Սարյանի հայրենասիրական ոգին ու կանխագծում նրա ստեղծագործության ողջ ուղին:

«Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ», — գրել է Սարյանն այդ տարիներին: Նրա առաջին գործերը, որոնք անվանել է «Հեքիաթներ և երազներ» («Արարատի ստորոտին», «Արևի հմայքը», «Ախուրյանի ձորում», «Բանաստեղծը», «Ջրհորի մոտ», «Տոթ օր» և այլն), ամբողջացած են կապույտ, մոխրավուն, նարնջագույն, կանաչ գույների թրթռուն, երգող ներդաշնակումներով: Մարդիկ, բուսականությունը, կենդանիները, թռչունները, նույնիսկ գիշատիչներն այստեղ ապրում են դաշն ու խաղաղ, մեկ ընտանիք կազմած: Անեզր, անընդգրկելի, խորհրդավոր բնությունը նկարիչն ընկալում է մանկան պես, իբրև երազ—իրականություն, իբրև դրախտ:

Հավատարիմ հայրենի բնության՝ իբրև միակ ուսուցչի ներշնչած գաղափարներին, Սարյանը միաժամանակ հղկում, բյուրեղացնում է իր սեփական ոճը՝ ոչ մեկին չկրկնող գեղանկարչական լեզուն: Հետագա տարիներին նա հեքիաթային երևակայական