Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/126

Այս էջը հաստատված է

նվիրվեց հայրենի երկրի վերաշինության գործին։ Նրա մասնակցությամբ Երևանում հիմնվեցին մշակութային մի շարք կենտրոններ՝ Պատմության և կերպարվեստի թանգարանը, Գեղարվեստական ուսումնարանը, Հնությունների և գեղարվեստի պահպանման կոմիտեն։

Վերածնության հոգին խանդավառեց Սարյանին։ Կյանքը, գեղեցիկը սիրող նկարչի հավատը ընդհանրացավ, դարձավ համաժողովրդական ոգևորության արտահայտություն։ Նրա նոր գործերում («Լեռներ», «Հայաստան», «Իմ բակը» «Կեսօրյա անդոր», «Գեղամա սարեր» և շատ ուրիշներ) օդի, լույսի ու գույների կախարդիչ դաշնության մեջ մարմնավորվել է լեռնային մեր երկրի հավաքական կերպարը՝ ներթափանցած խաղաղության ու վերածության ոգով։ Ահա, օրինակ, «Հայաստան» կտավը լեռնագոգերին ու ծերպերին սաղարթախիտ ծառեր են, լեռան պռնկին հրաշքի պես թառել է հինավուրց մի վանք, գյուղական տան կտրին պար են բռնել գույնզգույն զգեստներով հայ գեղջկուհիները, իսկ հեռո~ւ—հեռվում միմյանց են թիկնել խրոխտ ու բարձրաբերձ լեռնապարերը։ Այստեղ խտացված են Հայաստան աշխարհի հմայնքն ու գեղեցկությունը, նրա ժողովրդի հերոսական ու կենսախինդ հոգին։ 1921 թ․ Սարյանը Հ․ Կոջոյանի հետ ստեղծել է Սովետական Հայաստանի պետական գերբը։

Իր երկարամյա կյանքի ընթացքում գույնի մեծ բանաստեղծը ստեղծեց մի վիթխարի պատկերասրահ, ավելի քան երեք հազար գործ`բնանկարներ, դիմանկարներ, մրգեր ու ծաղիկներ պատկերող սքանչելի նատյուրմորտներ, թատերական ներկայացումների հիանալի ձևավորումներ, գրքերի նկարազարդումներ, գծանկարչական գործեր։ Արվեստագետի իր խոհերը նա ամփոփել է «Գրառումներ իմ կյանքից» գրքում, որտեղ կան այսպիսի տողեր․ «Դեռ սովորելու տարիներին ես համոզվեցի, որ յուրաքանչուր մարդ պետք է դառնա իր ժողովրդի արժանավոր զավակը»։ Էժան փառքը պետք է խորթ լինի նրան, նա պետք է նվիրվի ժողովրդին ծառայելու մեծ նպատակին և դառնա նրա սիրտն ու հոգին։

Իր ինքնատիպ գեղանկարչական լեզվով Սարյանը հայտնաբերեց նկարչության ազգային ոճի վերակերտման ուղին, ազգային արվեստը բարձրացրեց ժամանակակից, միջազգային մակարդակի։ Դրանով իսկ հանճարեղ նկարիչը մեծ դեր կատարեց հայ մշակույթի պատմության մեջ։ Նա դարձավ նորագույն շրջանի հայ գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը։

Սարյանի ողջ կյանքը ու ստեղծագործությունը իսկական հայրենասիրության բացառիկ օրինակ է։ Աշխարհահռչակ նկարչի արվեստը դարձել է Սովետական ողջ ժողովրդի հարստությունը, իր ինքնուրույն ու արժանի տեղը գրավել համաշխարհայի արվեստի գանձարանում։ Նրա ցուցահանդեսները կազմակերպվել են Սովետական Միության և արտասահմանյա երկրների բազմաթիվ քաղաքներում։ Սարյանը ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՍՍՀմ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս, լենինյան