Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/127

Այս էջը հաստատված է

և ՍՍՀՄ ու ՀՍՍՀ պետական մրցանակների դափնեկիր:

Մեծ նկարչի աճյունը հանգչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Սարոյան Վիլյամ Արմենակի

(1908–1981)

Աշնան մի օր Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցի աշակերտները հավաքվել էին դահլիճում և հյուրի էին սպասում: Ուսուցիչների ուղեկցությամբ դահլիճ մտավ տարեց մի մարդ, որի աչքերում երիտասարդական կրակներ էին ցոլցլում: Բարձր, բամբ ձայնով նա ողջունեց աշակերտներին և անմիջապես անկաշկանդ ու զվարթ զրույց սկսեց նրանց հետ, իսկ վերջում ասաց.

—Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք... Ձեր բախտ հիմա չեք կրնար հասկանալ, հետո պիտի հասկանաք... Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չիկա, քան հայրենիքը...

Սպիտակ, փառահեղ բեղերով, զվարթ ու գեղեցիկ այդ մարդը ամերիկյան աշխարհահռչակ գրող, հայազգի Վիլյամ Սարոյանն էր:

Այո′, հայրենիքում չէր ծնվել նա: Նրա հայրը` Արմենակը, հարկադրված թողել էր Արևմտյան Հայաստանում գտնվող իր հայրենի Բաղեշ (Բիթլիս) քաղաքը և հասել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքը: Այդտեղ էլ ծնվեց նրա կրտսեր որդին` Վիլյամը: Չորս տարի անց մահացավ հայրը` որբ ու անխնամ թողնելով իր բազմանդամ ընտանիքը:

Վիլյամի մանկության առաջին տարիներն անցան որբանոցում: Հետո մայրը չարաչար աշխատելով կարողացավ նրան որբանոցից հանել ու դպրոց տալ: Բայց Վիլյամը երկար չսովորեց դպրոցում. ընտանիքի հոգսը ստիպեց նրան թողնել դպրոցը և փողոցում լրագիր վաճառել: Հետո դարձավ հեռագրատան ցրիչ:

Փոքրիկ լրագրավաճառն ու հեռագրատան ցրիչը, սակայն, մի մեծ, շատ մեծ հետաքրքրություն ուներ: Գրքերն էին: Կարդում էր, անվերջ կարդում: Իսկ երբ պատանի դարձավ, սկսեց փոքրիկ պատմվածքներ գրել:

«Երբ սկսա գրել, — պատմում էր Սարոյանը, — ոչ ոք չէր հավատար, թե ես կրնամ գրող դառնալ»:

Բայց երիտասարդ Սարոյանը չէր հուսահատվում, ամեն օր գրում էր, գրածներն ուղարկում թերթերին ու ամսագրերին: Չէին տպագրում, նա նորերն էր գրում: Եվ ահա մի օր Սարոյանն արթնանում է նշանավոր դարձած: Դա 1934 թ. էր: Լույս էր տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն, անմիջապես սպառվել, և թերթերն ազդարարել էին, որ ծնվել է մի նոր մեծ գրող` Վիլյամ Սարոյան: Նրան դասել էին ժամանակի ամերիկյան ամենանշանավոր գրողների` Հեմինգուեյի, Ֆոլկների, Սթենբերգի, Քոլդուելի շարքը: Իսկ Սարոյանն այսպես գրեց իր մասին. «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերեն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու` հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին» :

Տպագրելով առաջին գիրքը, ստանալով առաջին հոնորարը` Սարոյանն անմիջապես ճանապարհ ընկավ Սովետական Հայաստան` տեսնելու իր նախնիների հայրենիքը, շփվելու հարազատ ժողովրդին: Այստեղ նա ծանոթացավ Ե. Չարենցի հետ, որի նկատմամբ իր սերն ու հիացմունքը պահպանեց ամբողջ կյանքում, հիանալի խոսքեր գրեց նրա մասին, նրան