Պավել Կորչագին
Շատ հավանական է, որ Պավկա Կորչագինին դուք դեռ չեք ճանաչում: Բայց նրա հետ դուք անպայման կծանոթանաք, այլ կերպ չի էլ կարող լինել:
Պավկային՝ այդ հասարակ պատանուն, դուք կհանդիպեք, երբ հազիվ բոլորած կլինի նրա տասներկու տարին: Իսկ երբ բաժանվեք, նա մոտ երեսուն տարեկան կլինի՝ դարձած արդեն գրող, համոզված կոմունիստ, անընկճելի բնավորության ու երկաթյա կամքի տեր մարդ:
Պավկային կյանքը կոփեց, նրա բնավորությունը ձևավորվեց աշխատանքում ու մարտերի բովում: Նախահեղափոխական Ռուսաստանում նա ճաշակեց և՛ գերմարդկային ծանր աշխատանքը, և՛ ընդհատակյա հեղափոխական պայքարի վտանգն ու դժվարությունը: Նա կռվեց քաղաքացիական պատերազմի տարիներին, մնաց քաղցած ու մերկ, ուժասպառ լինելու չափ աշխատեց, որպեսզի երիտասարդ սովետական հայրենիքին օգնի դուրս գալու քայքայված վիճակից: Պավկայի հետ ձեր հանդիպումը տեղի կունենա Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը» գրքի էջերում:
Ձեզանից առաջ այդ հոյակապ գիրքն ընթերցել են աշխարհի հազարավոր, միլիոնավոր, հարյուր միլիոնավոր մարդիկ: Գրողն իր հերոսին չի հորինել, որովհետև շատ լավ ճանաչում էր նրան, որովհետև Պավկան նա հենց ինքն է: Քաղաքացիական պատերազմի, սովետական մարդու բնավորության ձևավորման մասին պատմող իր գիրքը Նիկոլայ Օստրովսկին գրել է անբուժելի հիվանդությամբ անկողնուն