Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/131

Այս էջը հաստատված է

ժամանակ գնդակը հակառակորդի դաշտն են ուղարկում անկյունագծով՝ դեպի սեղանի խիստ որոշակի մասը: Սեղանը ներկվում է մուգ կանաչ (մուգ կապույտ կամ սև), իսկ նրա մեջտեղում, լայնքով, ձգվում է 15 սմ լայնությամբ ցանց: Ձեռնաթիակը պատրաստվում է նրբատախտակից, որին հետո ռետինե շերտ են սոսնձում:

Սեղանի թենիս խաղում են բոլոր մայրցամաքներում, և բազմաթիվ երկրների մարզիկներ վիճարկում են Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ: Հայ մարզիկներից աշխարհի առաջնության հաղթող է դարձել Ռ. Պողոսովան, իսկ Եվրոպայի չեմպիոններ են եղել Էլեոնորա և Նարինե Անտոնյան քույրերը:

Սեղանի թենիսով կարելի է զբաղվել 7-8, իսկ մրցումների մասնակցել՝ 9 տարեկան հասակից:

Սեղանի թենիսը զարգացնում է աչքաչափը, ուշադրությունը, շարժումների ճարպկությունն ու արագությունը:

Սեղանի թենիս կարելի է խաղալ և՛ ամռանը՝ պիոնական ճամբարում, տան բակում, և՛ ձմռանը՝ դպրոցի մարզադահլիճում:

Սեպագրեր

Մարդիկ գրել սկսել են դարավոր անցյալում: Գրերի միջոցով նրանք իրար հաղորդել են բառեր, մտքեր, տեղեկություններ:

Գրերի շատ տեսակներ կան: Ամենահին տեսակը պատկերագիրն է: Մարդիկ ժայռի կամ քարի վրա նկարում էին որևէ կենդանի կամ առարկա հենց այդ կենդանու կամ առարկայի իմաստով: Օրինակ, նկարում էին այծ, որը հենց այծ էլ նշանակում էր: Երբեմն տվյալ պատկերը կարող էր ունենալ այլաբանական կամ պայմանական իմաստ: Հայաստանի լեռներում պահպանվել են շատ ժայռապտկերներ, որոնք մեր հեռավոր նախնիների գրերն են, պատկերագրերը (ժայռապատկերների մասին դուք կարող եք կարդալ «Հնագույն նկարիչներ» զրույցում):

Պատկերներից հետո մարդիկ անցան գաղափարագների: Գաղափարագիրն արդեն մի քայլ առաջ էր պատկերագրից: Նրա նշանները նույնպես պատկերներ էին, բայց գաղափարագրի տվյալ պատկերը կարող էր ունենալ մի քանի նշանակություն: Օրինակ, ոտքի իմաստն այտահայտող պատկերը նշանակում էր և՛ ոտք, և՛ քայլել, և՛ գնալ, և՛ գալ: Գաղափարագրեր գործածվել են հին աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհում:

Պատկերագրերն ու գաղափարագրերը հնչյունական գիր չէին, այսինքն՝ որևէ լեզվի բառեր չէին արտահայտում: Մենք կարող ենք սովորել այդ գրերը կարդալ, բայց չիմանալ, թե ինչպես են հնչել այդ գրերով նշանակված բառերը: Հնադարյան մարդիկ կարող էին անգամ իրար լեզու չհասկանալ, բայց պատկերագրերի ու գաղափարագրերի միջոցով որևէ տեղեկություն հաղորդել:

Ամենահին հնչյունական գիրը սեպագիրն է. այժմ, երբ սովորում ենք հին սեպագրերը կարդալ, իմանում ենք այն լեզվի բառերը, որով գրված են տվյալ սեպագրերը: Այս գիրը կոչվում է սեպագիր, քանի որ կազմված է սեպաձև նշաններից: Կան երեք տեսակի սեպագրեր՝ վանկագրեր, գաղափարագրեր, ինչպես և որոշիչներ, որոնք ցույց են տալիս տվյալ սեպախմբի ինչ լինելը՝ երկիր, քաղաք, գետ և այլն:

Սեպագիրը հնարել են շումերները մեզանից մոտ 5000 տարի առաջ: Շումերները, որ շատ հին ժողովուրդ էին և հիմա չկան, ապրում էին Հայաստանից հարավ, Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած տարածքում, որն ընդունված է անվանել Միջագետք: Փայտե ձողիկների ծայրին փորագրված այդ սեպաձև նշաններով նրանք հում կավե սալիկների վրա դաջում էին զանազան հեքիաթներ, առասպելներ, այլևայլ պատմություններ: Դրանք բոլորը կոչվում են սեպագիր արձանագրություններ: