Հետո սեպագիրը տարածվեց հարևան երկրներում: Սեպագիր արձանագրություններ կազմում էին տարբեր լեզուներով` աքքադերեն (ասուրաբաբելերեն), խեթերեն և այլն: Մեզանից շուրջ 4200 տարի առաջ Էբլա կոչվող հին երկրում, որ գտնվում էր այժմյան Սիրիայի տարածքում, գրվել են սեպագիր արձանագրություններ, որոնց մեջ հիշատակված են նաև հայերը՝ հայա ձևով:
Մեզանից շուրջ 2800 տարի առաջ սեպագրեր սկսեցին գործածել նաև Հայաստանում՝ Արարատյան թագավորությունում կամ ՈՒրարտուում (Արարատյան թագավորության մասին դուք կարող եք կարդալ«Հին աշխարհի երկրներ» զրույցում): Դրանցով հայ թագավորները դաշնակից խուռիների լեզվով գրել էին տալիս իրենց շինարարական աշխատանքների տարած հաղթանակների մասին: Հայաստանում սեպագիր արձանագրությունները մեծ մասամբ փորագրում էին հղկված քառանկյուն քարերի վրա: Այդ արձանագրությունների մեջ անցել են հայերեն շատ բառեր, ինչպես, օրինակ, աստ, ավելի, առ, ուղի, այր, բան, սուր, ուտել, ծառ և այլն: Արարատյան թագավորության տիրակալները արձանագրություններ գրել են տվել Հայաստանի շատ վայրերում՝ Էրեբունի բերդաքաղաքում (որտեղ հայտնաբերված մի սեպագիր արձանագրությունն էլ դարձավ մեր մայրաքաղաք Երևանի ծննդյան վկայագիրը), Արմավիրում, Վանում, ներկայիս Սիսիան քաղաքի մոտակայքում և այլուր:
Սեպագիր արձանագրություններ գրվել են նաև Հայաստանի հարևան հին Պարսկաստանում: Հայ ժողովրդի պատմության համար կարևոր է ներկայիս Իրանի Բեհեստուն գյուղի մոտ հայտնաբերված, սպիտակ մարմարե հսկա ժայռի հարթեցված մակերևույթին փորագրված եռալեզու հին պարսկերեն, էլամերեն (ելամերեն), աքքադերեն սեպագիր արձանագրությունը: Դա պարսից Դարեհ Առաջին թագավորն է փորագրել տվել մեզանից շուրջ 2500 տարի առաջ: Այդտեղ շատ անգամ են հիշվում Հայաստանը և հայերը: Արձանագրության հին պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմենիա, էլամերենում՝ Հարմինա, աքքադերենում՝ ՈՒրաշտու (կամ, որ նույնն է, ՈՒրարտու): Սրանից իմանում ենք, որ հնում աքքադացիները (ասուրաբաբելացիները) ՈՒրարտու անվանել են Հայաստանը և այնտեղ հիմնված թագավորությունը: Այդ նույն արձանագրության մեջ հին պարսկերեն հայերը կոչվում են արմինյա, այսինքն՝