արմեն, իսկ աքքադերեն` ուրարտայա, այսինքն՝ ուրարտացի: Հետաքրքրական է նաև, որ այդ արձանագրության մեջ հայերը համարվում են Հալդի կամ Խալդի աստծո որդիները, իսկ Հալդը հայերի անվանադիր նախնի Հայկն է, որին ժողովուրդն աստվածացրել է (Հայկ նահապետի մասին դուք կկարդաք «Հայկ և Բել» զրույցում):
ՈՒրիշ հետաքրքրական շատ բաներ են մեզ այսօր պատմում հնադարյան սեպագիր արձանագրությունները: Դրանց օգնությամբ պատմաբանները գրում են հին աշխարհի ժողովուրդների պատմությունը:
Սևակ Պարույր Ռաֆայելի
(1924—1971)
Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ, — ասում էր մայրը որդուն:
Իրականացավ մոր երազանքը. Պարույր Սևակը (Ղազարյանը) դարձավ հայ ժողովրդի ամենասիրված բանաստեղծներից մեկը:
Սևակը ծնվել է Հայկական ՍՍՀ-ի Վեդու (այժմ՝ Արարատ) շրջանի Չանախչի (այժմ՝ Սովետաշեն) գյուղում: Ծննդավայրում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ուսանողական տարիները համընկան սովետական ժողովրդի համար ամենածանր ժամանակաշրջանի՝ Հայրենական մեծ պատերազմի հետ: Ցավն ու վիշտը, քաղցն ու ցուրտը հաղթահարելով՝ ուսանող Պարույրն ամբողջ էությամբ նվիրվեց գրքերի աշխարհին. սոսկ չէր կարդում, այլև խորապես ուսումնասիրում էր հայ ժողովրդի պատմությունը, նրա մշակույթը, գրականությունը, արվեստը, հայ երգը, Հայաստանի աշխարհագրությունը, հայ աշխատավորի կյանքը, կենցաղը, սովորությունները:
Նա վաղուց էր մտադրվել պոեմ գրել 1915 թ. Մեծ եղեռնի և տարաբախտ Կոմիտասի մասին: 1957 թ. աշնանային մի ցուրտ օր, Մոսկվայի փողոցներից մեկով անցնելիս, Սևակը հանկարծ ռադիոյով լսում է կոմիտասյան երգը: Եվ, ինչպես ինքն է հիշում, մեկ վայրկյանում իր համար պարզվում է ապագա ստեղծագործության վերնագիրը` «Անլռելի զանգակատուն»... Բանաստեղծը Կոմիտասի կենսագրության մեջ զարմանալի զուգատիպություն գտավ հայ մարդու և ողջ ժողովրդի ճակատագրերի միջև: «Անլռելի զանգակատուն» պոեմում գեղարվեստորեն պատկերվեցին և՛ Կոմիտասի կյանքն ու գործը, և՛ հայ ժողովրդի պատմության ողբերգական ժամանակաշրջանը: Այդ պոեմը մեր բազմադարյան գրականության մեջ նորություն էր թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով: Վեց համազանգերում, ինչպես երաժշտական համանվագում, քառասունվեց ղողանջներով հնչում է հայ ժողովրդի հավերժության հիմնը:
«Անլռելի զանգակատուն» պոեմից հետո, որն արժանացավ Հայկական ՍՍՀ պետական մրցանակի, լույս տեսան Սևակի «Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուները: Սրանցում բանաստեղծը երգել է մեր օրերի մարդու երազանքներն ու խոհերը, երջանկությունն ու տառապանքը, սերը հայրենիքի հանդեպ, ապագայի վառ հավատը:
Բազմազբաղ բանաստեղծը չէր մոռանում նաև մանուկներին: Իր որդիների համար գրած «Իմ կտակը» բանստեղծական շարքը հայրական խրատներ ու հորդորներ են բոլոր մանուկներին, նոր կյանք մտնողներին՝ լինել ազնիվ ու աշխատասեր, անվախ ու համարձակ, գործունյա և ջանասեր: