Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/139

Այս էջը հաստատված է

Վերա Մամոնտովայի դիմանկարը, որն այժմ հայտնի է «Դեղձերի աղջիկը» անունով: Թարմ ու նրբին գույներով շնչող այդ զարմանալի կտավը կենսուրախություն և լույս է ճառագում: Անհնարին է անցնել նրա կողքով՝ առանց կանգ առնելու ու դիտելու արվեստի կախարդական ուժով հավերժացած աղջկա քնքուշ, բարի դեմքը:

Երբ Սերովի ստեղծած դիմանկարները մեկտեղ են ժողովում, թվում է, թե սրահներում հավաքվել են կենդանի մարդիկ՝ յուրաքանչյուրն իր բնավորությամբ ու շարժուձևով, իր ճակատագրով: Ձեզ նայում են կենդանի աչքեր՝ խելացի, խարդախ, հիմարավուն, խորամանկ, խորաթափանց... Դուք տեսնում եք բնական ու փքուն, խոնարհ ու հպարտ, անճոռնի ու նրբագեղ կեցվածքներ: Դուք հիանում եք մեկի դեմքի ու ներաշխարհի գեղեցկությամբ, ծիծաղում մյուսի ամբարտավան սնապարծության վրա, քամահրում երրորդի ստորությունն ու անհոգիությունը: Նկարիչը կարողանում էր մարդու մեջ տեսնել ամենագլխավորն ու ամենանվիրականը: Զուր չէ, որ որոշ մարդիկ վախենում էին իրենց դիմանկարները պատվիրել Սերովին:

«Արևով լուսավորված աղջիկը», «Երեխաները ծովափին», «Պետրոս I» կտավները, Մ. Ն. Երմոլովայի, Ի. Ի. Լևիտանի, Ֆ. Ի. Շալյապինի, Կ. Ա. Կորովինի, Մ. Գորկու դիմանկարները... դժվար է ասել, թե որն է նկարչի լավագույն ստեղծագործությունը: Սրանք բոլորն էլ սքանչելի ու նշանակալի գործեր են:

Վալենտին Ալեքսանդրովիչ Սերովը գովերգում էր մարդու մեջ եղած ամենայն լավը, իսկ երբ դատապարտում ու ծաղրում էր վատը, դարձյալ լավի մասին էր մտածում: Իր բոլոր կարողություններն ու մտքերը, իր տաղանդի ողջ հարստությունը նա նվիրեց մարդկանց:

Վ. Ա. Սերովի մի շարք կտավներ, այդ թվում՝ Մ. Ն. Ակիմովայի հայտնի դիմանկարը, գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում:

Սիամանթո

1878—1915

1915թ. ապրիլի 24-ի գիշերը թուրքական իշխանությունները բանտարկեցին Թուրքիայի հայաշատ մայրաքաղաք Կոստանդուպոլսում ապրող շուրջ 300 հայ մտավորականների, որոնց հետո աքսորեցին ու կոտորեցին: Այդ օրը համարվում է սկիզբը հայերի ցեղասպանության (գենոցիդի): Մեծ եղեռնի, որի ժամանակ թուրք բարբարոսները ոչնչացրին ավելի քան մեկուկես միլիոն հայերի: Բանտարկված ու հետո նահատակված մտավորականների թվում էր նաև հայ ժողովրդի նվիրական զավակներից մեկը նշանավոր բանաստեղծ Սիամանթոն:

Սիամանթոի մանկությունն անցել է Արևմտյան Հայաստանի ամենաշքեղ անկյուններից մեկում՝ Եփրատ գետի ափին գտնվող Ակն քաղաքում: Այստեղ է ապագա բանաստեղծը դարձել տառաճանաչ, այստեղ է նշանավոր բանահավաք, «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին գրառող Գարեգին Սրվանձտյանը Ատոմ Հովհաննեսի Յարճանյանին մկրտել Սիամանթո գրական կեղծանունով:

1891 թ. Յարճանյանների ընտանիքը Ակնից տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որտեղ Սիամանթոն շարունակում է ուսումը տարբեր վարժարաններում: 1894—1896 թվականների հայկական ջարդերի հետևանքով նա ստիպված թողնում է Կոստանդնուպոլիսը և վարում աստանդական կյանք: 1897 թ. նա Եգիպտոսից մեկնում է Ժնև, ընդունվում տեղի կոլեջի ծաղկաբուծական բաժինը: Փղոսկրի նման ճերմակ ու դալկադեմ, տամուկ աչքերով մրահոն պատանուն վիճակված չէր մնալու ծաղիկների անդորր ու դյութիչ աշխարհում: Մի քանի ամիս անց նա մեկնում է Փարիզ և դառնում Սորբոնի նշանավոր համալսարանի գրական բաժնի