Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/14

Այս էջը հաստատված է

գամված վիճակում։ Հեղափոխության համար մղված մարտերում ստացած վերքերը նրան զրկել էին տեսողությունից, դատապարտել անշարժության։ Նա գիտեր, որ երբեք ոտքի չի կանգնելու, չի տեսնելու արևը, երկինքը, հարազատների դեմքերը: Բայց նա չէր վհատվում:

Գրողն արիասիրտ եղավ մինչև վերջ: Նա չէր ուզում, որ իրեն խղճային: Ընկերներին ասում էր. «...ատում եմ այն մարդկանց, ովքեր կյանքի անողոք հարվածներից սկսում են նվնվալ...: Այն, որ ես անկողնուն եմ գամված, չի նշանակում, թե հիվանդ եմ: Դա ճիշտ չէ: Դա անհեթեթություն է: Ես միանգամայն առողջ մարդ եմ...»:

Հեղափողության քաջարի մարտիկ Պավել Կորչագինի մասին Ն. Օստրովսկու գիրքը սովետական բազմաթիվ մարդկանց օգնել է տոկալու և հաղթելու ամենածանր փորձությունների ժամանակ: Պավել Կորչագինը տիպար է եղել և՛ այն երիտասարդների համար, ովքեր կառուցում էին Ամուրի Կոմսոմոլսկը, և՛ նրանց համար, ովքեր մարտնչում էին Հայրենական մեծ պատերազմի ռազմադաշտերում: Նա ոգեշնչում է նաև մեր օրերի կոմերիտականներին, ինչպես, օրինակ, Բայկալ–Ամուրի մայրուղու և ուրիշ հարվածային կառույցների շինարարներին:

Պավլով Իվան Պետրովիչ

(1849–1936)

Իվան Պետրովիչ Պավլովն ականավոր գիտնական էր։ Նա մեծ ավանդ է մուծել ֆիզիոլոգիայի՝ մարդու և կենդանիների օրգանիզմի աշխատանքի մասին գիտության մեջ, ստեղծել բարձրագույն նյարդային գործունեության մասին ուսմունք։

Մինչև Պավլովը գիտնականները շատ քիչ բան գիտեին մարսողության օրգանների աշխատանքի մասին: Այն կարծիքն էր տիրում, որ այդ օրգաններում գտնվող գեղձերը սննդի մարսման համար անհրաժեշտ հյութերն արտազատում են առանց նյարդային համակարգի մասնակցության: Իսկ Պավլովը խորապես համոզված էր, որ գլխուղեղը կառավարում է բոլոր, հետևաբար նաև մարսողական օրգանների աշխատանքը: Սակայն ինչպե՞ս այդ ապացուցեր:

Պավլովը կարողացավ առողջ շան մարսողության հյութերի արտազատմանը հետևելու եղանակ գտնել և պարզել, թե ինչն է գեղձերին ստիպում աշխատել: Ցավազրկման մի եղանակի` նարկոզի, ազդեցությամբ նա զանազան վիրահատություններ էր կատարում` խնամքով պահպանելով գեղձերին մոտեցող արյունատար անոթներն ու նյարդերը, որպեսզի շան առողջանալուց հետո դրանք գործեին բնականոն կերպով: Այդպիսի շներն ապրում էին տարիներով:

Փորձերից մեկում շունը կերը կուլ էր տալիս, որը, սակայն, ստամոքս չէր հասնում: Բայց նման «կերակրման» դեպքում ևս ստամոքսից խողովակով ստամոքսահյութ էր հոսում: Ստամոքսահյութ արտազատվում էր անգամ ուտելիքի տեսքից միայն: Բայց բավական էր կտրել դեպի ստամոքս գնացող նյարդը, և հյութի արտազատումը դադարում էր:

Պավլովն ապացուցեց, որ քթի կամ մարսողության որևէ այլ հյութի արտազատումը սովորական ռեֆլեքս է, այսինքն` գրգիռի պատասխան: Բերան ընկնելով` ուտելիքը գրգռում է համային նյարդերի վերջույթները, որոնք, ասես հեռագրով, ուղեղին հաղորդում են. «միս է հայտնվել»: Ուրիշ նյարդերով ուղեղն անմիջապես «հրամայում է» ստամոքսի գեղձերին, և նրանք սկսում են առատ ստամոքսահյութ արտադրել:

Մարսողության օրգանների աշխատանքն ուսումնասիրելիս Պավլովին շարունակ նորանոր հարցեր էին հետաքրքրում: