Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/142

Այս էջը հաստատված է

կատարելու համար նա պարգևատրվեց «Պատվո նշան» շքանշանով: Մեծ են Սիսակյանի ծառայությունները հատկապես տիեզերական կենսաբանության բնագավառում: Նրան հետաքրքրում էին Տիեզերքում կյանքի երկրային ձևերի գոյության հնարավորություններն ու առանձնահատկությունները, տիեզերական երկարատև թռիչքների ազդեցությունը մարդու և կենդանիների օրգանիզմի վրա, ապրելու արհեստական պայմանների և կյանքի ապահովման համակարգի ստեղծումը, ուրիշ շատ հարցեր: Հումանիստ գիտնականը գտնում էր, որ տիեզերական տարածությունը յուրացնելու համար տիեզերանավում պետք է ստեղծվեն կյանքի հարմարավետ, իդեալական պայմաններ, մարդն այնտեղ իրեն պետք է զգա ազատ ու անկաշկանդ:

Սիսակյանը ոչ միայն մեծ գիտնական էր, այլև գիտության կազմակերպիչ: Մինչև կյանքի վերջը նրա ղեկավարած լաբորատորիան գիտական յուրատեսակ կենտրոն էր դարձել: Լինելով խստապահանջ, բայց միաժամանակ նաև հոգատար և ուշադիր ուսուցիչ՝ նա աճեցրել է մի շարք երիտասարդ գիտնականների:

Ն. Սիսակյանի շուրջ 500 գիտական աշխատությունները համաշխարհային ճանաչում բերեցին նրան: Նա եղել է Աստղագնացության միջազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ, Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի կենսատիեզերագնացության կոմիտեի նախագահ, ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի Նախագահության անդամ և գլխավոր գիտական քարտուղար: Տարբեր երկրների հետ գիտական համագործակցության գործում ունեցած իր ավանդի համար 1964-1966 թվականներին նա ընտրվել է Միավորված ազգերի՝ կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության՝ ՑՈՒՆԵՍԿՕ–ի 13-րդ նստաշրջանի պրեզիդենտ: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, ՍՍՀՄ և արտասահմանյան մեդալներով: Ն. Սիսակյանը իր ողջ կյանքը նվիրեց գիտությանը: Նրա անունով են կոչվում Լուսնի խառնարաններից մեկը, դպրոց և փողոցներ Աշտարակում ու Երևանում: Կիսանդին կանգնեցված է Աշտարակում: Նրա անունը փորագրված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի շենքի վրա: Ի պատիվ Սիսակյանի հուշատախտակ է փակցված Մոսկվայում, ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի շենքի պատին:

Սիրամարգ

Պարզապես անհավատալի է, որ ապշեցուցիչ գեղեցկության տեր այս թռչունն այդպիսի տհաճ, ականջ ծակող ձայն ունի, ճիշտ և ճիշտ պոչը տրորած կատվի ճղավոցի նման: Բնությունը, հավանաբար, խնայողաբար է ծախսում իր պարգևները: Ա՛յ, օրինակ, գորշագույն սոխակը հրաշք ձայն ունի, և նրա երգը դյութում է: Բայց և՛ սոխակի երգը, և՛ սիրամարգի պերճ հանդերձները ընկերուհուն դուր գալու, մրցակցին հաղթելու միջոց են:

Թռչունների շատ տեսակների էգերը համեստ գույն ունեն, նրանց գործը բնում մնալն է, աչք ծակելու հարկ չկա: Դրան հակառակ, արուները, երբ գալիս է բույն շինելու ժամանակը, վառ, հարսանեկան զգեստ են «հագնում»: Երբեմն էլ գործը կռվի է հասնում: Բայց որքա՜ն գեղեցիկ են, որքա՜ն են պարի նման այդ «ճակատամարտերը»: Կարմիր վերնահոնքով և սպիտակ ենթապոչով, արջնագռավի