Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/147

Այս էջը հաստատված է

16֊րդ դարի սկզբին Սիրիան նվաճեցին թուրքերը, և չորս հարյուր տարի երկիրը մնաց թուրքական լծի տակ։ 1919 թ. Սիրիան դարձավ ֆրանսիական գաղութ։ Սիրիայի ժողովուրդը զենքը ձեռքին պայքարում էր իր ազատության համար։ 1943 թ. Սիրիան հռչակվեց անկախ պետություն։ Սակայն նրա տարածքում շարունակում էին մնալ անգլիական և ֆրանսիական զորքեր։ Օտարերկրացի վերջին զինվորը երկրից հեռացավ 1946 թ. ապրիլի 17֊ին։ Այդ օրը հայտարարվել է Սիրիայի ազգային տոն։

1963 թ. իշխանության գլուխ կանգնեց Արաբական սոցիալիստական վերածնության կուսակցությունը։ Կալվածատերերի հողերը բաժանվեցին հողազուրկ գյուղացիներին։ Պետականացվեցին օտարերկրյա և հայրենական կապիտալիստական խոշոր ձեռնարկությունները։

Սիրիայի ժողովուրդն ամրապնդում է իր երկրի անկախությունը, զարգացնում արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը։ Սիրիան պայքարում է իմպերիալիզմի դեմ, աջակցում ճնշված ժողովուրդների պայքարին հանուն ազատագրության։

Երկրում իշխանության գլուխ կանգնած է պրեզիդենտը։ Օրենսդրական մարմինը ժողովրդական խորհուրդն է, որտեղ տեղերի կեսը զբաղեցնում են բանվորների և գյուղացիության ներկայացուցիչները։

Սովետական Միությունը և սոցիալիստական մյուս երկրները Սիրիային օգնում են զարգացնելու արդյունաբերությունը։ Հանրապետությունում կառուցվում են ֆաբրիկաներ ու գործարաններ։ Սովետական մասնագետները սիրիացիների հետ համատեղ Եփրատ գետի վրա կառուցել են խոշոր ամբարտակ և հիդրոէլեկտրակայան, անցկացրել երկաթուղի, որը հյուսիս—արևելյան գյուղատնտեսական հարուստ շրջանները միացրել է Լաթաքիա նավահանգստի` երկրի ծովային դարպասի հետ։ Սովետական մասնագետները նաև նավթի նոր հանքավայրեր են որոնում, օգնում կարգավորելու նրա արդյունահանումը։

Սովետական Միությունը պաշտպանում է սիրիացիների և արաբական ուրիշ ժողովուրդների պայքարն ընդդեմ Իսրայելի ագրեսիայի, որը զավթել է Սիրիայի հարավային հողերի մի մասը։

Հայկական լեռնաշխարհի հարևանությամբ տեղավորված Սիրիան, որը հնում կոչվում էր Ասորիք, վաղեմի ժամանակներից սերտ առնչությունների մեջ է եղել Հայաստանի հետ, իսկ մեր թվականությունից առաջ 1֊ին դարում, Տիգրան Մեծի օրոք, ընդգրկվել է հայկական պետության կազմի մեջ։ Հայաստանում քրիստոնեության տարածման գործում զգալի դեր են խաղացել նաև ասորի քարոզիչները, իսկ 4—5–րդ դարերում Ասորիքի քաղաքներում ուսանել են բազմաթիվ հայ երիտասարդներ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցը։ Թուրքական տիրապետության շրջանում սիրիաբնակ հայերի թիվը նվազեց։ Այն վերստին ավելացավ 1915 թ. Մեծ եղեռնից հետո, երբ այստեղ ապաստան գտան կոտորածներից փրկված արևմտահայության բեկորները։

Այժմ Սիրիայում ապրում է շուրջ 120 հզ. հայ, որոնք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, արհեստներով, առևտրով։ Զգալի թիվ են կազմում նաև մտավորականները, որոնցից շատերը Երևանի բուհերի շրջանավարտներ են։ Սիրիահայերը կենտրոնացած են, հիմնականում, Հալեպում, ինչպես նաև Դամասկոս, Լաթաքիա, Քեսաբ և մի շարք այլ քաղաքներում։ Նրանք ունեն իրենց դպրոցները, տպարանները, մշակութային ու մարզական ընկերությունները, հրատարակում են հայերեն պարբերականներ։ Սիրիահայ համայնքը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի հետ։

Սիրտ

Սիրտը և նրանից դուրս եկող արյունատար անոթներն օրգաններին մատակարարում են թթվածին ու սննդանյութեր և հեռացնում ածխաթթվական գազ ու այլ, հաճախ վնասակար մնացուկներ։

Դեռևս 17–րդ դարի սկզբին անգլիացի ականավոր գիտնական Ուիլյամ Հարվեյն ապացուցեց, որ սրտի մկանային պատերը, մերթ կծկվելով, մերթ թուլանալով, արյանն ստիպում են շրջանառություն կատարել անոթներով, արյունը սրտից դուրս է հոսում զարկերակներով և վերադառնում երակներով։

Բազմիցս ճյուղավորվելով` զարկերակները գնալով բարակում են և ավարտվում մազանոթներով՝ մանրագույն խողովակներով, որոնք տեսանելի են միայն մանրադիտակով։ Մազանոթներից արյունն