Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/148

Այս էջը հաստատված է

անցնում է մանրագույն երակների մեջ, որոնք, միմյանց միանալով, գնալով խոշորանում են։ Երակներով արյունը լցվում է սրտի մեջ։

Սիրտը հզոր կրկնակի պոմպ է։ Հոծ միջնապատն այն բաժանում է երկու՝ աջ և ձախ կեսերի։ Յուրաքանչյուր կեսի վերին մասը կոչվում է նախասիրտ, իսկ ներքևինը՝ փորոք։ Նախասրտերն արյունը մղում են փորոքների մեջ, սրանք էլ իրենց հերթին այն ուժգին մղում են զարկերակների մեջ, որից հետո դադար է տիրում, սիրտը լցվում է երակներից հոսող արյունով և հանգստանում։

Սրտի գործունեության մեջ ամենակարևորն այն է, որ նա բոլոր օրգանները ժամանակին ապահովի բավարար քանակի թթվածնով, այլապես թթվածնի անբավարարությունն իսկույն կխախտի դրանց աշխատանքը։ Արյունը թթվածնով հարստացնելու համար աջ փորոքն այն ներմղում է թոքային զարկերակ, որի ճյուղավորությունները մոտենում են թոքերին։ Յուրաքանչյուր թոքաբշտիկ պատած է մազանոթների խիտ ցանցով։ Մազանոթի և թոքաբշտիկի նուրբ պատերով թթվածինը հեշտությամբ թափանցում է արյան մեջ, իսկ ածխաթթվական գազն արյունից անջատվում է և անցնում թոքաբշտիկներում եղած օդի մեջ։ Թթվածնով հարստացած արյունը երակներով վերադառնում է սիրտ, նրա ձախ կեսը, իսկ այնտեղից մղվում դեպի ամենախոշոր զարկերակը՝ աորտան (մայր զարկերակը)։ Աորտայից դուրս եկող զարկերակներն արյունը մատակարարում են մարմնի բոլոր օրգաններին։

Որքան շատ է աշխատում օրգանը, այնքան շատ թթվածին է անհրաժեշտ նրան։ Առանձին օրգաններին թթվածնի մատակարարումը կարգավորելու ածխատանքին օգնում է արյունատար անոթների այն հրաշալի հատկությունը, որ լայնանալով կամ նեղանալով նրանք կարող են փոխել հոսող արյան քանակը, դրանով իսկ թթվածնի բաշխումը։

Պառկած մարդու սիրտը մեկ րոպեում մղում է 4—5 լիտր արյուն՝ կծկվելով 60—70 անգամ, ընդ որում՝ ամեն անգամ նախասրտերի աշխատանքը տևում է 0,1, փորոքներինը՝ 0,3—0,5, իսկ դադարը՝ 0,4 վայրկյան։ Սրտի կծկումների նույն հաճախության դեպքում կընդարձակվեն գլխուղեղի և մի շարք մկանների անոթները, եթե մարդը նստի և սկսի, ասենք, նամակ գրել։ Իսկ եթե նա հենց նոր է ճաշել, կլայնանան մարսողության օրգանների անոթները, իսկ գլխուղեղի և մկանների անոթները կնեղանան։

Լարված աշխատանքի ժամանակ մկանները 10—15 անգամ ավելի թթվածին են ծախսում, քան հանգստի։ Դրա համար էլ նույնիսկ քայլելիս աշխատող մկանների անոթների լայնացումը միայն բավարար չի լինում։ Սիրտն սկսում է ավելի հաճախ կծկվել։

Շատ արագ վազելիս սիրտը մեկ րոպեում կարող է կծկվել մինչև 120 և նույնիսկ, 160 անգամ։ Ընդ որում՝ դադարները գրեթե լրիվ վերանում են և սիրտը, հոգնելով, չի կարողանում հաղթահարել աշխատանքը։

Սրտամկանը, ինչպես և մնացած բոլոր մկանները, թուլանում է, եթե այն չեն մարզում։ Պահպանեք, մարզեք ձեր սիրտը։ Զբաղվեք ֆիզիկական աշխատանքով, ֆիզկուլտուրայով, սպորտով, և այդ դեպքում ձեր սիրտը կլինի առողջ և ամուր։

Սկանդինավյան երկրներ

Այսպես են անվանում Հյուսիսային Եվրոպայում գտնվող պետությունները՝ Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան։ Սկանդինավյան երկների պատմությունն